Նորություններ

-
Խոակին Կապառոս․ «Որևէ մեկը չի կարող ներազդել ինձ վրա կազմի ընտրության հարցում»
31.05.202119:26
Խոակին Կապառոս․ «Որևէ մեկը չի կարող ներազդել ինձ վրա կազմի ընտրության հարցում»

Խորվաթիա–Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, մայիսի 31-ին՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

 

-Վարազդատ, ինչպե՞ս ստացվեց Ձեր տեղափոխությունը «Կադիս», և ե՞րբ կմիանաք Ձեր նոր ակումբին:

-Հուլիսի 1-ից արդեն կմիանամ «Կադիսին»: Մեծ սպասումներ ունեմ և շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ նման ուժեղ առաջնությունում հանդես եկող ակումբ: Սակայն դեռ բոլոր մտքերս «Աստանայի» հետ են: Դեռ 4 հանդիպում պետք է անցկացնեմ ղազախական թիմի կազմում և ամեն կերպ կփորձեմ օգնել իմ ներկայիս ակումբին: Տեղափոխությանս մասին շատ եմ խոսել, ավելացնելու նոր ոչինչ չունեմ: 
 
-«Աստանայի» կազմում անցկացրած վերջին հանդիպման ժամանակ վնասվածք ստացաք: Որքանո՞վ է այն լուրջ, և արդյո՞ք պատրաստ կլինեք վաղվա հանդիպմանը:
-Այո, խաղի երկրորդ խաղակեսում վնասվածք ստացա և չկարողացա շարունակել հանդիպումը: Իմ կարծիքով վնասվածքս այդքան էլ լուրջ չէ: Այսօր կփորձեմ թիմի հետ թեթև մարզում անցկացնել, բայց կարծում եմ, որ վաղվա հանդիպմանը չեմ կարողանա մասնակցել:
 
-Արդյո՞ք արդեն հասցրել եք դիտել Խորվաթիայի ազգային հավաքականի խաղերի տեսագրությունները: 
-Այո, արդեն ծանոթացել ենք մրցակցին: Բոլորս էլ գիտենք, որ շատ լավ հավաքական է` շատ ուժեղ ֆուտբոլիստներով: Սակայն սա ֆուտբոլ է, ամեն ինչ որոշվում է դաշտում: Շատ կուզեմ, որ թե´ Հայաստանի, և թե´ Խորվաթիայի հավաքականները այս ընկերական խաղից ստանան այն, ինչ ուզում են:
 
-Պարոն Կապառոս, հավաքականի հայտացուցակից բացակայում է Հենրիխ Մխիթարյանը: Մամուլում շատ խոսվեց այս մասին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
-Ես շատ եմ անդրադարձել այս հարցին, հիմա ևս մեկ անգամ կասեմ. մենք ընկերական երկու հանդիպումներ ենք անցկացնելու, որոնց ընթացքում ես ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների փորձարկել, և դրա լավագույն հնարավորությունը առաջիկա խաղերն են: Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է մեր հավաքականի համար, և արդեն պաշտոնական հաջորդ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերին, հույս ունեմ, որ Հենրիխը կմիանա և կօգնի մեզ: Առջևում մեզ հաճելի, բայց միևնույն ժամանակ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, և մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան: 
Մի բան կցանկանայի հստակեցնել. ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, և ոչ ոք երբևիցե չի կարողացել կազմի ընտրության հարցում ինձ վրա ազդել: Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այժմ գտնվում են մեր տրամադրության տակ:
 
-Ինչպիսի՞ կարծիք ունեք Խորվաթիայի ազգային ընտրանու մասին:
-Խորվաթիան հիանալի հավաքական ունի: Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս աշխարհի լավագույն առաջնություններում, Ոսկե գնդակի դափնեկիր ունեն, շատ ուժեղ հավաքական է:

Ասուլիսի տեսագրությունը կարող եք դիտել ստորև:

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0