ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Բելառուսի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 21 որակավորման փուլի հանդիպումներ կանցկացնի չեզոք դաշտում:
Որպես մրցավայր ընտրվել է Երևանը: Այսպիսով, D խմբի Բելառուս Մ-21 - Կիպրոս Մ-21 և Բելառուս Մ-21 - Պորտուգալիա Մ-21 հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 1-ին և 4-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, և կմեկնարկեն 17։00-ին։
Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև մայիսի 27-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:
Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ: