Նորություններ

-
Էրիխ Ռուտեմյոլլեր. «Ապագայում դուք կարող եք ունենալ ավելի լավ ֆուտբոլ»
15.04.201317:55
Էրիխ Ռուտեմյոլլեր. «Ապագայում դուք կարող եք ունենալ ավելի լավ ֆուտբոլ»

Անցյալ շաբաթ Հայաստանում էր գերմանացի հանրահայտ մարզիչ, 1996 թ. Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի օգնական,իսկ ներկայումս ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ Էրիխ Ռուտեմյոլլերը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հարցազրույցում Ռուտեմյոլլերը խոսեց Հայաստան այցելության իր հիմնական նպատակների, հայկական ֆուտբոլի ենթակառուցվածքների և համաշխարհային ֆուտբոլի վերջին տենդենցների մասին:

 

Պարոն Ռուտեմյոլլեր, ո՞րն է Հայաստան Ձեր այցելության նպատակը:

 

Առաջին հերթին, պետք է նշել, որ ՈՒԵՖԱ-ն փորձում է մարզչական կրթությունը Եվրոպայում հասցնել որոշակի բարձր մակարդակի, հետևաբար մենք փորձում ենք օգտագործել տարբեր երկրների, տարբեր մարդկանց փորձը բոլոր երկրներում մարզչական կրթության որակը բարելավելու համար: Հայաստանում մենք սկսեցինք Բ և Ա կարգի մարզչական դասընթացներով, իսկ հիմա արդեն անցկացվում է նաև մարզչական ՊՐՈ դասընթացը:

 

Դուք առաջին անգամ չեք Հայաստանում: Կարող եք ասել՝ ինչ է փոխվել կազմակերպչական առումով:

 

Ինչպես արդեն նշեցի, երբ ես վերջին անգամ Հայաստանում էի, այն ժամանակ դուք անցկացնում էիք Ա կարգի դասընթացը Ֆլեմմինգ Սերիցլևի հետ, իսկ հիմա անցկացնում եք ՊՐՈ կարգի դասընթացները: Ես տեսնում եմ, որ դասընթացների կազմակերպվածությունը շատ բարձր մակարդակի վրա է: Միաժամանակ շատ կարևոր է, որ նախորդ տարի ձեր մարզիչները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել Եվրո-2012-ին և իրականացնել բարձր մակարդակի վերլուծություններ՝ դիտելով մի քանի հանդիպումներ: Փորձի փոխանակումը շատ օգտակար է բոլոր մարզիչների համար:

 

Ի՞նչ կարող եք ասել Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների մասին:

 

 Տեսնելով ֆուտբոլի ակադեմիայի այս ֆանտաստիկ կառույցը՝ ես կարող եմ ասել, որ այստեղ ուղղակի իդեալական պայմաններ են մարզվելու, ֆուտբոլ խաղալու համար: Ունենալով այսպիսի ենթակառուցվածքներ՝ դուք կարող եք զարգացնել ձեր ֆուտբոլը, բարելավել ակումբային ֆուտբոլի, մարզչական կրթության, մրցավարության մակարդակը, զբաղվել նոր տաղանդների բացահայտմամբ:

 

Պարոն Ռուտեմյոլլեր, 1996 թվականին, երբ Գերմանիան դարձավ Եվրոպայի չեմպիոն, դուք թիմի մարզչական շտաբում էիք: Կարող եք ասել, թե ի՞նչ հիմնական փոփոխություններ է կրել ֆուտբոլը 90-ականների համեմատ:

 

Եթե խոսենք կոնկրետ Գերմանիայի մասին, կարող եմ ասել, որ հիմնական փոփոխությունն այն է, որ հիմա մենք պաշտպանությունում անհատական հսկողությունից անցել ենք զոնալ հսկողությանը, հիմա կիրառվում է պրեսինգի շատ ավելի ակտիվ տարբերակ, մինչդեռ նախկինում ֆուտբոլիստներն ավելի շատ ժամանակ ու տարածություն ունեին դաշտում դրիբլինգ անելու կամ կոմբինացիոն ֆուտբոլ խաղալու համար: Իմ համար հենց սրանք են հիմնական փոփոխությունները, որոնք մեծապես կախված են նաև ֆուտբոլիստների ֆունկցիոնալ և հոգեբանական պատրաստվածության հետ:

 

Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ ազգային հավաքականներից շատերը կորցրել են իրենց ուրույն խաղաոճը և սկսել են խաղալ միանման ֆուտբոլ:

 

 Բավականին հետաքրքիր հարց է: Ես կարծում եմ, որ հիմա տեղի է ունենում խաղաոճերի խառնուրդ: Նախկինում ազգային հավաքականներում խաղում էին միայն այդ երկրի ներկայացուցիչներ, իսկ հիմա տարբեր ազգերի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը սեփական ինչ-որ բան է ներմուծում թիմի խաղի մեջ: Բացի այդ հիմա ֆուտբոլում գաղտնիքներ չկան: Նույն վայրկյանին դու կարող ես հետևել Հայաստանի Առաջին խմբի և Եվրոպական ուժեղ առաջնության որևէ խաղի, փորձես համեմատել: Այդ պարագայում շատ հեշտ է լինում հասկանալ, թե որն է առավել ձեռնտու և օպտիմալ տարբերակը քո երկրում ֆուտբոլը զարգացնելու համար: Հավանաբար հենց այն հանգամանքը, որ ժամանակակից ֆուտբոլում ինֆորմացիան հասանելի է բոլորին, ստիպում է շատերին փոխառել միմյանց խաղաոճերը և խաղալ ինչ-որ տեղ միանման ֆուտբոլ:

 

Շատերն ասում են, որ 90-ականներին ֆուտբոլում անհատականություններն ավելի շատ էին, մինչդեռ հիմա գերակշռում է թիմային խաղը: Ի՞նչ եք կարծում այս մասին:

 

Ես այնքան էլ համաձայն չեմ, քանի որ, չնայած ֆուտբոլն իրոք թիմային խաղ է, որտեղ կարևոր է թիմային ոգին, բայց ամեն դեպքում դուք միշտ էլ անհատական բարձր որակների տեր ֆուտբոլիստների կարիք ունեք: Դրանց բացակայության դեպքում դուք, միևնույն է, հաջողություն չեք ունենա:

 

Ձեր կարծիքով Հայաստանի նման փոքր երկրները կարող են հասնել մեծ հաջողությունների ֆուտբոլում և ո՞րն է դրա հիմքը:

Ես համոզված եմ դրանում և դա վերաբերում է բոլոր երկրներին: Մեծ և փոքր երկրների միջև տարբերությունը գնալով վերանում է, բոլորը սովորել են ֆուտբոլ խաղալ: Իսկ այն, ինչ ես տեսա Հայաստանում, լավատեսություն է ներշնչում: Ապագայում դուք հաստատ կարող եք ունենալ ավելի լավ ֆուտբոլ և հասնել ավելի լավ արդյունքների:

 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0