Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որպես քաղաքացիական պատասխանատվության դրսեւորում մասնակցել է IFES-ի (Ընտրական Համակարգերի Միջազգային Հիմնադրամ) «Հաղթանակը չի վաճառվում» արշավին: Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսահոլովակը, որը կարող եք դիտել ստորեւ, օրերս կցուցադրվի նաեւ հայաստանյան հեռուստաընկերություններով: Արշավին մասնակցել են նաեւ հանրահայտ մարզիկներ Արթուր Աբրահամը եւ Լեւոն Արոնյանը:
IFES-ի հայաստանյան գրասենյակն այսօր պաշտոնապես իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ «Հաղթանակը չի վաճառվում» արշավին մասնակցելու համար: Նամակում մասնավորապես նշված է. «IFES-ն իր խորը երախտագիտությունն է հայտնում Ձեզ՝ «Հաղթանակը չի վաճառվում» արշավին մասնակցելու համար: Արշավ, որն անմիջականորեն կապված է Ձեր մասնագիտական նվաճումների, սկզբունքների եւ արժեքների հետ: Մենք համոզված ենք, որ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք Նախագահի ընտրությունների ընթացքում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ կառաջնորդվեն հենց այդ սկզբունքներով: Կրկին շնորհակալություն ենք հայտնում Ձեր քաղաքացիական գիտակցության համար եւ մաղթում նորանոր հաղթանակներ, որոնցով Հայաստանը հպարտանում է»: