
«Ֆալկոնսը»՝ Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի հաղթող
Մայիսի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի եզրափակիչ՝ «Ֆալկոնս» - «Կիլիկիա» հանդիպումը:
Հանդիպման առաջին խաղակեսին գնդակին ավելի շատ տիրում էր «Կիլիկիան»: Ունենալով տարածքային առավելություն՝ նրանք խաղակեսն ավարտեցին 2 գոլի առավելությամբ: 19-րդ և 31-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ Աբուբաքար Սիլլան:
Երկրորդ խաղակեսի սկզբում «Ֆալկոնսն» ակտիվացավ և կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Գ. Մաղաքյանը 45-րդ րոպեին: Հանդիպման 76-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ջոն Լագբելը:
Հանդիպումը տեղափոխվեց 11-մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ էին «Ֆալկոնսի» ֆուտբոլիստները (4:3):
Այսպիսով «Ֆալկոնսը» նվաճեց Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի չեմպիոնի տիտղոսը:
Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց «Ֆալկոնսի» ֆուտբոլիստ Ջոն Լագբելը՝ 14 գոլով:
Հանդիպումից հետո կայացավ պարգևատրման արարողությունը: «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հանձնեց լավագույն ռմբարկուի մրցանակը:
Երրորդ մրցանակակիր «Էկովիլին» Հայաստանի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր-վաուչերը և ՀՖՖ հուշանվերը հանձնեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը:
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը երկրորդ մրցանակակիր «Կիլիկիային» հանձնեց Հայաստանի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր-վաուչերը և և ՀՖՖ հուշանվերը:
Ոսկե մեդալները, չեմպիոնական գավաթը, ինչպես նաև Հայաստանի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր-վաուչերը «Ֆալկոնսին» հանձնեց «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը: