Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

ՀՖՖ 31.10.2024 17:15

Հոկտեմբերի 31-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվեց, որ ՀՖՖ 25-րդ հերթական ժողովը կկայանա ՀՖՖ գրասենյակում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին: 

ՀՖՖ Գործադիր կոմիտեի կազմում երկու թափուր տեղի առկայությամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 25-րդ հերթական ժողովը ընտրական է։ ՀՖՖ Կանոնադրության 37-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներից առնվազն երեքը պետք է լինեն կին, ուստի ՀՖՖ Գործադիր կոմիտեի ներկայիս կազմով պայմանավորված՝  մեկ թափուր տեղը պետք է համալրի կին անդամ։

Հավելենք, որ ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ՀՖՖ Անդամները կարող են Գործադիր կոմիտեում ներկայացված լինել միայն մեկ անդամով։

ՀՖՖ Անդամները հնարավորություն ունեն ներկայացնելու թեկնածուներ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում։ Թեկնածություն առաջադրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ օրենսդրության, ՀՖՖ Կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի համապատասխան կարգավորումները։

Համապատասխանության ստուգում անցնելու համար յուրաքանչյուր թեկնածու պետք է պահանջվող փաստաթղթերը ներկայացնի ՀՖՖ մինչև 2024թ.-ի նոյեմբերի 18-ը՝ ժամը 24:00-ն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով։

Նշենք, որ թեկնածուների՝ ՀՖՖ Ընտրական կոմիտեի կողմից հաստատված վերջնական և պաշտոնական ցուցակը տրամադրվում է ՀՖՖ Անդամներին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրության համար հրավիրվող ժողովից առնվազն 10 օր առաջ։

Օրակարգի մյուս հարցերով հաստատվեցին նաև ՀՖՖ Ակումբների արտոնագրման 2025/2026 մրցաշրջանի կանոնակարգը, ՈւԵՖԱ Կանանց ակումբային մրցաշարերի ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգը, ինչպես նաև ՀՖՖ Ֆուտզալի 2024/2025 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության անցկացման կանոնակարգը:

Նիստի ընթացքում ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախագահ ընտրվեց Տիգրան Ղարաբաղցյանը, կոմիտեի անդամ՝ Մարիամ Խաչատրյանը «Սարդարապատ» ակումբից: Առաջնությունների կազմակերպման կոմիտեի կազմում կատարվեց փոփոխություն. այսուհետ Տիգրան Ղարաբաղցյանին փոխնախագահի պաշտոնում կփոխարինի ՀՖՖ Մրցումների բաժնի պետ Էդգար Պետրոսյանը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ