
«Փյունիկ» ՖԱ դիրքորոշումը ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ
Շարունակում ենք ներկայացնել Fastex Պրեմիեր Լիգայի ակումբների դիրքորոշումները ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափին, ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն:
Ստորև «Փյունիկ» ՖԱ դիրքորոշումը
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ողջունում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությունը՝ ֆուտբոլի առաջնության նոր ձևաչափի մշակման վերաբերյալ։ Մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր մրցաշրջանից հետո կատարվի հրապարակային մոնիտորինգ, որի արդյունքները ներկայացվեն հասարակությանը և երկրպագուներին։ Մոնիտորինգի հիման վրա նպատակահարմար կլինի կազմակերպել բաց քննարկումներ՝ լսելով ֆուտբոլային ակումբների և փորձագետների դիրքորոշումները։
Այս մոտեցումը կապահովի, որ կայացվող որոշումները հիմնված լինեն տարբեր շահագրգիռ կողմերի կարծիքների և մասնագիտական եզրակացությունների վրա՝ նպաստելով հայկական ֆուտբոլի երկարաժամկետ զարգացմանը։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, գործելով ի շահ հայկական ֆուտբոլի, ներկայացնում է իր առաջարկները ՀՀ ֆուտբոլի առաջնության նոր ձևաչափի վերաբերյալ.
1. Լիմիտների վերաբերյալ առաջարկ. Մենք կողմ ենք լիմիտի ավելացմանը՝ նպատակային մոտեցմամբ։
• 2025/2026 մրցաշրջանի համար՝ դաշտում պարտադիր լինի առնվազն չորս հայ ֆուտբոլիստ, որոնցից մեկը՝ 23 տարին լրացած։
• 2026/2027 մրցաշրջանի համար՝ առնվազն մեկ հայ ֆուտբոլիստ՝ մինչև 22 տարեկան։
• 2027/2028 մրցաշրջանի համար՝ նախորդ երկու մրցաշրջանների վերլուծության արդյունքում, եթե պարզվի, որ այն նպաստում է հայկական ֆուտբոլի զարգացմանը, կառաջարկենք դաշտում պարտադիր ապահովել հինգ հայ ֆուտբոլիստի ներկայությունը, որոնցից մեկը լինի մինչև 23, իսկ մյուսը՝ մինչև 22 տարեկան։ Կարևոր է, որ նրանք լինեն տեղացի՝ կրթված հայկական ակադեմիաներում։
2. Օտարերկրյա ֆուտբոլիստների սահմանափակում. Առաջարկվում է 2025/2026թթ․ մրցաշրջանի համար ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 20․01-րդ կետով սահմանված 9 ֆուտբոլիստների քանակը փոփոխել և սահմանել 10, 2026/2027թթ-ի համար՝ 11, 2027/2028թթ՝ 12։
Առաջին խմբի մասով առաջարկում ենք փոփոխել Կանոնակարգի 31․11-րդ կետը, մասնավորապես փոփոխել 7 ֆուտբոլիստի պահանջը և 2025/2026թթ մրցաշրջանի համար այն սահմանել 8, 2026/2027թթ-ի համար՝ 9, 2027/2028թթ-ի համար՝ 10 ֆուտբոլիստ։
3.Գավաթի խաղարկության ձևաչափ. Առաջարկում ենք գավաթի խաղարկության ձևաչափում երկու խաղափուլով անցկացումը կիրառել միայն կիսաեզրափակիչ փուլում։
4․ Առաջնության ձևաչափ. Առաջարկում ենք առաջնությունը կազմել 10 թիմով՝ անցկացնելով 4 շրջան խաղեր։
5․ ԲԿՄԱ-ի մասնակցություն. Կողմ ենք, որ ԲԿՄԱ-ն մասնակցի առաջնությանը, սակայն առանց լիցենզավորման հնարավորության։
6․ Առաջին և երկրորդ լիգաների կարգավիճակ. Ողջունում ենք երկրորդ լիգա ստեղծելու ՀՖՖ նախաձեռնությունը։ Կողմ ենք գաղափարին, բայց, միաժամանակ, կարծում ենք, որ դեռևս վաղ է խոսել այդ մասին։ Քանի որ նույնիսկ ՀՀ առաջին խումբը ինստիտուցիոնալ առումով չունի բավարար անկախություն ֆուտբոլիստների քանակի իմաստով, հետևաբար, ճիշտ կլինի խոսել երկրորդ լիգայի մասին, երբ ՀՀ առաջին խումբը դառնա ինքնուրույն հագեցած լիգա՝ թիմերի քանակի իմաստով։
7․ Ֆիքսված խաղացանկ. Խաղացանկը պետք է հաստատվի առնվազն մեկ ամիս առաջ։ Սա կօգնի ակումբներին ճիշտ պլանավորել իրենց աշխատանքը և ապահովել ֆուտբոլիստների բարձր պատրաստվածություն։
8․ Աշուն-գարուն ձևաչափի պահպանում. Մենք դեմ ենք աշուն-գարուն ձևաչափի փոփոխմանը և առաջարկում ենք պահպանել այն ներկայիս տեսքով։
9․ Առաջնության ժամկետներ. Առաջարկում ենք, որ առաջնությունը սկսվի օգոստոսի 5-ին և ավարտվի մայիսի 31-ին՝ առանց փոփոխությունների։ Մրցաշրջանի դադարը լինի դեկտեմբերի 15-ից մինչև փետրվարի 25-ը։
10․ ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների կարգավիճակ. Մենք դեմ ենք առաջարկին, որով ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստ կհամարվի ցանկացած խաղացող, ով 24 ամիս կամ երկու մրցաշրջան անցկացրել է Հայաստանում։ Նման փոփոխությունը կարող է թույլ տալ, որ լեգիոներները երկու տարի խաղալով՝ ստանան ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստի կարգավիճակ, ինչը չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ՝ նպաստելով հայկական ֆուտբոլի կայուն և երկարաժամկետ զարգացմանը։