
Երևանում կայացավ ՈւԵՖԱ կինեզիստների կրթական ծրագրի սեմինար
ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի հրավերով Երևանում է ՈւԵՖԱ կինեզիստների կրթական ծրագրի իրականացնող, կինեզիստ-մարզիչ Ռոման Յահոդան:
Մասնագետի գլխավորությամբ մայիսի 24-26-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվեց վերապատրաստման ծրագիր՝ տեսական ու գործնական դասերի միջոցով: Մասնակցում էին ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականների, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի ակումբների կինեզիստներն ու բուժակ մերսողները, ինչպես նաև ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականների մարզիչները:
«Մեր նպատակն է բացել մասնագետների աչքերը և ցույց տալ վնասվածքների կանխարգելման, վերականգնման և մարզման հիմնական սկզբունքները, այնուհետև քայլ առ քայլ հասնել բարձր արդյունքների: Կրթությունը թիվ մեկ հարցն է, և այն սկսվում է բժշկական թիմից: Հետևաբար մեր նպատակն է ստեղծել մասնագիտական ռազմավարական համակարգ կրթության և հետագայում պրակտիկայի ոլորտում», - նշել է Յահոդան:
Այցի ընթացքում իրականացվել է նաև հանդիպում ՀՖԿՍՊԻ Կինեզոլոգիայի ֆակուլտետի ուսանողների հետ: