Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ելույթը ՀՖՖ 23-րդ հերթական ժողովի ընթացքում

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ելույթը ՀՖՖ 23-րդ հերթական ժողովի ընթացքում

ՀՖՖ ժողով 28.12.2022 17:54

ՀՖՖ 23-րդ հերթական ժողովի ընթացքում Գործադիր կոմիտեի նորընտիր անդամների կազմից ՀՖՖ փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը, ով նաև հանդես եկավ ելույթի խոսքով:

Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել վստահության քվեի համար։ Շնորհավորում եմ բոլոր այն անդամներին, ովքեր ընտրվել են ՀՖՖ Գործադիր կոմիտեի կազմում։ Հիմա՝ մի քանի մտորումներ, որոնց մասին ուզում եմ կիսվել և անկեղծանալ։

Սա փոխնախագահի՝ իմ արդեն երրորդ ժամկետն է և ՀՖՖ Կանոնադրության համաձայն՝ վերջինը։ Հաջորդ ընտրություններում ես ոչ ցանկություն, ոչ իրավունք չունեմ ընտրվելու։

Ես չեմ պնդում, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում։ Ես չեմ պնդում, որ մենք ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես մենք կցանկանայինք։ Բայց հավատացեք՝ մենք փորձում ենք անել հայկական ֆուտբոլի համար ամեն ինչ։

Մեր առաջին ցանկությունն այն է, որ մեզ օգնեն՝ մեր սխալները ցույց տալով, և ոչ թե փնովելով։ Միշտ լինում են ընդդիմախոսներ, որոնք մշտապես ի հայտ են գալիս ընտրություններից առաջ: Սակայն վատ է, որ նույն ձայնագրությունը անընդհատ պտտվում է, ժողովրդի լեզվով ասած անընդհատ նույն пластинка-ն չի փոխվում: Թե մեղադրանքներն են նույնը, թե ուղղորդողները: Մենք արդեն լավ գիտենք, թե այս ելույթի նախորդ օրը ով ում հետ է հանդիպել և ինչ են խոսել, որովհետև եթե նայեք, բոլոր տեսակի ըննդիմախոսների, այսպես ասած, կարծիքները, մեկնաբանությունները եղել են նաև երկու տարի առաջ, երեք տարի առաջ, ոչինչ չի փոխվում: Չի փոխվում, որովհետև չկա ասելիք: Կա միայն ՀՖՖ-ին փնովելու ցանկություն: Այնինչ հավատացեք՝ մեզ հետ պետք է աշխատել, ցույց տալ մեզ մեր սխալները, և իրար հետ օգնենք առաջ տանել հայկական ֆուտբոլը: Կան նաև մեզ ուղղված մեղադրանքներ, որոնք չափը անցնում են: Քանի որ նախորդ իշխանությունների կողմից կիրառվող մեթոդները մեզ համար անընդունելի են՝ չկա ծեծ, չկա երկրից վտարել, մենք գնում ենք քաղաքակիրթ ճանապարհով և դիմում ենք դատարան:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ, ինչպես իր ելույթում նշեց նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ-ն շատ սերտորեն համագործակցում է ՀՀ Կառավարության հետ, և ես ասեմ, որ արդեն Կառավարության վաղվա նիստում կհաստատվի Կառավարության կողմից ՀՖՖ-ին աջակցության որոշումը, որը կազմում է մոտ 5 միլիարդ դրամ: Այդ միջոցներով Հայաստանի մարզերում կառուցվելու են ֆուտբոլի դպրոցներ, որոնք իրենց մեջ ներառելու են բոլոր համապատասխան ենթակառուցվածքները: Եթե մենք խոսում ենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, այլ ոլորտների զարգացման մասին, ապա պետք է սկսենք ենթակառուցվածքներից:

Հայկական ֆուտբոլը բացառապես Պրեմիեր լիգան չէ: Խնդրում եմ հիշել սա: Հիշեք, որ հայկական ֆուտբոլը, առաջին հերթին, ֆուտբոլ խաղացող երեխաներն են: Մենք փորձելու ենք ի կատար ածել բոլոր այն ռազմավարական խնդիրները, որ մենք ունենք և որոնք հաստատվել են ՀՖՖ Ժողովի՝ ձեր կողմից: Բայց մենք դա չենք կարող անել առանց ձեր աջակցության:

Դիմում եմ բոլոր անդամներին. անկեղծ ասած, ինձ միևնույն է՝ ինձ կողմ, թե դեմ են քվեարկել: Ես հասկանում եմ նաև, որ կա անձնական հարաբերությունների խնդիր:  Խնդրում եմ՝ սիրելով կամ չսիրելով ՀՖՖ ղեկավարությանը՝ փորձեք աշխատել հայկական ֆուտբոլի համար, այլապես դուք ձեզ կդնեք վատ իրավիճակի մեջ, ինչպես եղավ այսօր:

Համախմբվեք հայկական ֆուտբոլի շուրջ, քանի որ ՀՖՖ ռազմավարությունում առկա նպատակները հաստատել եք դուք: Իրագործողը մենք ենք՝ ձեզ հետ միասին:

Կրկին շնորհավորում եմ  բոլորին, նոր տարում մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, որը մեզ շատ է պետք: Խաղաղություն ոչ միայն արտաքին աշխարհից, այլ նաև մեր ներքին կյանքում, որովհետև մենք անընդհատ արտաքին մարտահրավերները մոռանում և փորձում ենք իրար միս ուտել: Մենք այնքան խնդիր ունենք լուծելու, որ իրար հետ հարցեր լուծելու ոչ ժամանակ ունենք, ոչ ցանկություն:

Եկեք փորձենք մեր երկրի իրավիճակին համաքայլ գնալ և փորձել օգուտ տալ երկրին՝ լինելով ամեն մեկս այն տեղում, որտեղ կանք:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ