Գլխավոր >> Նորություններ >> Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները

Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները

ՀՖՖ 23.10.2026 11:55

Դատարանն առանց քննության է թողել «Նոա» ՖԱ-ի և ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Օհանյանի ներկայացրած հայցադիմումներն ընդդեմ ՀՖՖ Գործկոմի որոշման: Դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Բարձրագույն խմբում և Առաջին լիգայում թիմերի հայտացուցակներում շարունակելու է մնալ 15 լեգեոների սահմանափակման որոշումը: Հայկական ակումբներն իրենց հայտացուցակներում չեն կարող ավելի քան 15 լեգեոներ ունենալ․ հիշեցնենք, որ «Նոա» ՖԱ-ն ցանկանում էր հանել այս արգելքը։
Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում։ 

 

«Նոայի» և Աննա Օհանյանի հայցադիմումները, ըստ էության, վերաբերում էին Կանոնակարգի 20.03-րդ կետին, որը նախատեսում է Հայաստանի առաջնությունում լեգեոներների թվի սահմանափակում։ Ըստ 20.03-րդ կետի՝ ակումբները մրցաշրջանի հայտացուցակում կարող են ընդգրկել ՀՀ-ում չմարզված և/կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ չհանդիսացող առավելագույնը 15 ֆուտբոլիստ՝ հաշվի առնելով առաջին և երկրորդ թիմերը։

 

Մանրամասները. 


17.07.2026 թվականին քաղաքացի Աննա Վլադիմիրի Օհանյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի 27․06․2026 թվականի  «ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը (2026-2027 մրցաշրջան) հաստատելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

 

Հայցի հետ միասին վերջինս նաև Դատարան էր ներկայացրել հայցի ապահովման միջնորդություն, այն է ՀՖՖ-ին արգելել կիրառել ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը (2026-2027 մրցաշրջան)։ 

 

Այսինքն Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցշրջանը սկսելուց մի քանի օր անց, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի կողմից Դատարան է ներկայացվում հայցադիմում, որով փաստացի պահանջվում է արգելել ՀՖՖ-ին կազմակերպել մրցաշարը, քանի որ առանց կանոնակարգի հնարավոր չէ անցկացնել մրցաշարերը։ Կանոնակարգը առաջնության կազմակերպման և անցկացման, ինչպես նաև դրան մասնակցող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները սահմանող հիմնական իրավական փաստաթուղթն է։

 

Ողջամտորեն Դատարանը, 29.07.2026 թվականին հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման հետ միաժամանակ մերժել է Կանոնակարգի կիրառումն արգելելու վերաբերյալ միջնորդությունը։

 

Այնուհետև, վերոգրյալ միջնորդության մերժումից հետո՝ 03.08.2026 թվականին, նույն գործին որպես Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ է ներգրավվում «Նոա» ֆուտբոլային ակումբը։ Վերջինս Դատարան է ներկայացնում նույն պահանջով հայցադիմում, այն է անվավեր ճանաչել ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը հաստատելու վերաբերյալ որոշումը։ Հայցադիմումով, այս անգամ արդեն «Նոա» ֆուտբոլային ակումբը միջնորդում է կրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ ՀՖՖ-ին արգելել կիրառելու վեճի առարկա Կանոնակարգի 20.03-րդ կետը։

Հիշեցնենք, որ Կանոնակարգի 20.03-րդ կետն ըստ էության վերաբերում է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների թվի սահմանափակմանը, որի համաձայն՝ ակումբները մրցաշրջանի հայտացուցակում կարող են ընդգրկել առավելագույնը 15 օտարերկրյա ֆուտբոլիստի՝ հաշվի առնելով առաջին և երկրորդ թիմերը։

Օգոստոսի 12-ին Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդությունը՝ բավարարել։


Օգոստոսի 13-ին հարուցվել է կատարողական վարույթ և ՀՖՖ-ին արգելվել կիրառել Կանոնակարգի 20.03-րդ կետը։ Նշված որոշումը ՀՖՖ-ն ստացել է 2026 թվականի օգտոստոսի 14-ին, որի արդյունքում է միայն տեղեկացել տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ։


Նշենք, որ ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսդրության համաձայն, այն դեպքերում, երբ հայցադիմումին կից ներկայացվում է հայցի ապահովման միջնորդություն ևս, պատասխանող կողմը դատական գործի մասին ծանուցվում է բացառապես միջնորդության քննության արդյունքում կայացված որոշման կատարումից հետո։


Կատարողական վարույթի մասին տեղեկանալով ՀՖՖ-ն ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանության գործին։


Ավելին, հատկանշական է, որ նշված գործով սեպտեմբերի 3-ին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ է ներգրավվել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։


ՀՖՖ-ն սեպտեմբերի 4-ին միջնորդություն է ներկայացրել Դատարան կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։


Սեպտեմբերի 8-ին համանման՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ, միջնորդություն է ներկայացրել նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։ «Ուրարտու» ՖԱ-ն ևս համակարծիք է եղել ՀՖՖ-ի ներկայացրած դիրքորոշմանը։ Ակումբը միջնորդել է վերացնել հայցի ապահովման միջոցը և կարճել գործը։


Սեպտեմբերի 30-ին թվականի որոշումներով Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունները։


Սեպտեմբերի 4-ին ՀՖՖ կողմից Դատարան է ներկայացվել նաև հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդություն, որի քննարկումը տեղի է ունեցել 2026 թվականի հոկտեմբերի 7-ին։


Հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՖՖ-ն հիմնավորել է, որ ՀՖՖ սուբյեկտներ համարվող Գործադիր կոմիտեի անդամ Աննա Օհանյանը և ՀՖՖ անդամ «Նոա» ֆուտբոլային ակումբը, ինչպես ՀՖՖ կանոնադրությամբ, այնպես էլ համապատաասխանաբար Գործադիր կոմիտեի անդամի թեկնածություն ներկայացնելիս և ՀՖՖ-ին անդամագրման հայտ ներկայացնելիս, կատարել են արբիտրաժային վերապահում, այն է` ծագած բոլոր վեճերը ենթակա են քննության Լոզանում (Շվեյցարիա) գտնվող սպորտային արբիտրաժային դատարանի կողմից (CAS)։


Ամփոփելով վերոգրյալը` Դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 22-ին կայացված երկու որոշումներով առանց քննության է թողել ինչպես քաղաքացի Աննա Օհանյանի, այնպես էլ «Նոա» ֆուտբոլային ակումբի կողմից ներկայացված հայցադիմումները։ Բացի դա, իր որոշմամբ Դատարանը վերացրել է ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 20.03-րդ կետի կիրառումն արգելելու վերաբերյալ հայցի ապահովման միջոցները։ 


Վերոգրյալ որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում։ 
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ