
Սերգեյ Մկրտչյան. «Հուսով եմ՝ կմասնակցեմ առաջիկա խաղերին»
«Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը, ով առաջին անգամ է հրավիրվել ազգային հավաքական, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր անցած ճանապարհի մասին և խոսել նպատակներից.
«Մանկուց երազել եմ ազգային հավաքականում հանդես գալու մասին: Լուրը ստացել եմ մարզումից հետո, շատ ուրախացա, տղաներն էլ էին ուրախ ինձ համար:
Տարբեր տարիքային հավաքականներում եմ հանդես եկել, ամեն տարիքային հավաքական էլ իր դժվարություններն ունի: Միշտ իմ առջև մյուս տարիքային հավաքականում հանդես գալու նպատակ եմ դրել:
Երիտասարդականում իմ մրցելույթներն ավարտելուց հետո իմ առջև նպատակ դրեցի, որ պետք է հրավիրվեմ ազգային հավաքական:
Կփորձեմ հնարավորինս օգուտ տալ մեր հավաքականին: Հուսով եմ՝ հնարավորություն կունենամ հանդես գալ առաջիկա խաղերում և ուժերիս ներածին չափով կփորձեմ օգնել մեր թիմին»: