
ՀՖՖ հրահանգիչները գնահատվեցին ՈՒԵՖԱ մենթորի կողմից
Ապրիլի 21-26-ը Երևանում անցկացվեց ՀՖՖ հրահանգիչների պաշտոնական գնահատման փուլը, որի շրջանակում Հայաստան էր ժամանել ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի մենթոր Լես Հոուին։
Գնահատումն իրականացվեց ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ց կարգի արտոնագրի դասընթացի ընթացքում, որտեղ մենթորը դիտարկեց և գնահատեց 10 հրահանգիչների դասավանդման և մարզումային գործընթացների կազմակերպման հմտությունները։
Հարկ է նշել, որ ՀՖՖ հրահանգիչների երկրորդ ուսումնական ծրագիրը ՈՒԵՖԱ-ի մենթորների կողմից իրականացվել էր նախորդ տարի, իսկ ընթացիկ գնահատման փուլը կարևորագույն քայլ էր նրանց մասնագիտական հավաստագրման գործընթացում։
Գնահատման գործընթացին մասնակցած 10 հրահանգիչներից երկուսը ֆուտզալի մասնագիտացված հրահանգիչներ էին, ինչը վկայում է ՀՖՖ-ի շարունակական ջանքերի մասին՝ աջակցելու ինչպես ֆուտբոլի, այնպես էլ ֆուտզալի ոլորտներում որակյալ մասնագետների զարգացմանը։
Բոլոր հրահանգիչները հաջողությամբ հաղթահարեցին գնահատման փուլը՝ հաստատելով իրենց մասնագիտական պատրաստվածությունն ու համապատասխանությունը ՈՒԵՖԱ և ՀՖՖ արտոնագրման դասընթացների պահանջներին։
Նրանք իրավունք ստացան հետագայում մասնակցելու և ներգրավվելու ՀՖՖ արտոնագրման դասընթացների կրթական ծրագրերում՝ աջակցելով Հայաստանում մարզչական կրթության որակի շարունակական բարձրացմանը: