
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական A կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական A կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական A կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ս․թ․ մարտի 1-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով` http://bit.ly/3Hc9eDZ
ՈՒԵՖԱ /ՀՖՖ Մարզչական A կարգի արտոնագրի դասընթաց
Դասընթացը տևելու է 8 ամիս և բաղկացած է լինելու 8 մոդուլներից: Դասընթացի 1-ին մոդուլը տեղի կունենա ս.թ. մարտի 13-ից 17-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող են մասնակցել 20 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով` տեխնիկական տնօրինությունը կատարելու է ընտրություն՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ`
դիմորդ-մարզչի աշխատանքային փորձը մանկապատանեկան թիմերում (տարիներ), ինչ տարիքային խմբերի հետ է աշխատել կամ աշխատում, արդյոք ունի որպես գլխավոր մարզիչ աշխատելու փորձ և այլն
Տեխնիկական տնօրինության որոշմամբ՝ որպես ամփոփիչ փուլ՝ անհրաժեշտության դեպքում կանցկացվի նաև անհատական հարցազրույց վերոնշյալ չափորոշիչներով ընտրված դիմորդ-մարզիչների հետ, ինչից հետո կկատարվի վերջնական ընտրություն։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ A կարգի արտոնագրի դասընթացի վարձավճարը կազմում է մեկ միլիոն դրամ (1․000.000 ՀՀ դրամ)` ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։
Վճարումը կատարվելու է երկու մասով։
Ընտրված դիմորդ-մարզիչները պետք է վճարման առաջին մասը՝ հինգ հարյուր հազար դրամը (500․000 ՀՀ դրամ) կատարեն մինչև ս.թ. մարտի 9-ը ՝ժամը 18։00:
Վճարումը չկատարելու դեպքում դիմորդ-մարզիչը չի կարող մասնակցել դասընթացին:
Վճարման երկրորդ մասը պետք է կատարվի հինգերորդ մոդուլից առաջ՝ մինչև օգոստոսի 15-ը՝ ժամը 18։00։
Պահանջվող բոլոր փաստաթղթերի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում: