Գլխավոր >> Նորություններ >> Ալեքսանդր Պետրակով. «Մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար»

Ալեքսանդր Պետրակով. «Մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար»

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 15-ին Քարդիֆի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Լուկաս Սելարայանի նախախաղային մամուլի ասուլիսը։

(հարցեր Լուկաս Սելարայանին)

-Ինչպիսի՞ խաղ եք ակնկալում վաղը:

-Կարծում եմ՝ բավականին դժվար խաղ կլինի, կփորձենք պայքարել ու կռվել մինչև վերջ: Կփորձենք խաղալ 3 միավորի համար:

-Ինչպիսի՞ ծրագիր ունի Հայաստանի հավաքականը: Արդյո՞ք կարող է որակավորվել Եվրո 2024-ին:
-Կարծում եմ այս տարի շատ ավելի լավ թիմ ունենք՝ բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներով, և մեր նպատակը լինելու է փորձել որակավորվել Եվրո 2024-ի համար: 

(հարցեր Ալեքսանդր Պետրակովին)

-Ինչպիսի՞ ծրագիր ունեք վաղվա խաղի հետ կապված, և ի՞նչ նպատակներ եք հետապնդում այս խմբում:

-Պլանների մասին չեմ խոսի, կասեմ միայն, որ մեկ նպատակ ունենք՝ որակավորվել Եվրո 2024-ի համար: 

-Ուելսի հավաքականը կխաղա առանց Գարեթ Բեյլի: Տեսնու՞մ եք տարբերություններ թիմում անցյալ տարվա հետ համեմատած, երբ խաղում էիք նրանց դեմ: 
- Այլ փոփոխություններ չկան, միայն Գարեթ Բեյլի բացակայությունը:

-Ի՞նչ էմոցիաներ ունեք 1 տարի անց վերադառնալով Քարդիֆ:
-Չեմ ցանկանում վերհիշել անցյալը: 

-Ուելսի հավաքականը խնդիրներ ունեցավ Լատվիայի դեմ խաղում: Նրանք կարողացան առավելության հասնել մրցակցի նկատմամբ միայն 1:0 հաշվով: Դա ինչ-որ դրական կերպ ազդու՞մ է վաղվա խաղին ձեր թիմի տրամադրվախության վրա:
-Մենք հավատում ենք մեր ուժերին և դրական ենք տրամադրված վաղվա խաղի համար:

-Խորվաթիան խմբի ֆավորիտն է: Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք, պայքարելու՞ եք երկրորդ տեղի համար:
-Ինչպես արդեն ասացի, մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար: Ինչի՞ համար խաղալ ֆուտբոլ, եթե չես պայքարելու:

-Հայաստանի հավաքականի ո՞ր ֆուտբոլիստներից պետք է զգուշանան մեր ֆուտբոլիստները, իսկ երկրպագուներն իրենց ուշադրությունը սևեռեն նրանց վրա:
-Վաղվա խաղին կտեսնեք, իսկ խաղից հետո կասեք, թե ով ձեզ դուր եկավ: 

-Վաղվա խաղին տրիբունաները լիքն են լինելու: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կկարողանա՞ն դիմակայել այդ ճնշմանը:
-Այո՛, կարող են: Այս պահին նրանք հայկական երաժշտություն են լսում, պատրաստվում են խաղին: Ամեն ինչ լավ կլինի, մի՛ անհանգստացեք: 

-Հայաստանի հավաքականը գլխավորում եք վերջին մի քանի ամիսների ընթացքում: Արդյո՞ք արդեն տեսնում եք որոշակի առաջընթաց:
-Եկեք այսօր չպատասխանեմ այդ հարցին, միգուցե վաղն ավելի լավ պատասխան կունենամ:

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև.

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ