Նորություններ

-
Արսեն Բեգլարյան. «Ազգային հավաքական հրավիրվելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար»
30.01.201317:31
Արսեն Բեգլարյան. «Ազգային հավաքական հրավիրվելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պետք է նախապատրաստվեն փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպմանը: Հրավիրվածների թվում է նաև Կապանի «Գանձասարի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:

 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Արսեն Բեգլարյանը խոսել է ազգային հավաքական հրավիրվելու հետ կապված իր զգացողությունների և առաջիկա խաղից սպասելիքների մասին.

 

- Արսեն, շնորհավորում ենք առաջին անգամ ազգային հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես այս պահին:

 

- Շնորհակալություն, ինձ այս պահին շատ երջանիկ եմ զգում: Հավաքական հրավիրվելու մասին լուրն իմացել եմ Թուրքիայում՝ հավաքի ընթացքում: Բնականաբար շատ եմ ուրախացել հրավերի կապակցությամբ:

 

Երբ նոր էիր տեղափոխվում Հայաստան, սպասո՞ւմ էիր, որ այսքան կարճ ժամանակում կհրավիրվես ազգային հավաքական:

 

Չեմ կարող ասել, որ սպասում էի, բայց հոգու խորքում հույս ունեի: «Գանձասար» տեղափոխվելու նպատակը հենց այն էր, որ անընդհատ լինեմ հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում:

 

Ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ինչ-որ մեկի հետ ծանո՞թ ես:

 

Ծանոթ եմ նրանց, ում հետ խաղացել եմ երիտասարդական հավաքականում, ինչպես նաև նրանց, ում դեմ խաղում եմ Հայաստանի առաջնության շրջանակներում: Վերջերս ծանոթացել եմ Հրայր Մկոյանի և Արտակ Եդիգարյանի հետ, ճանաչում եմ նաև Արթուր Սարկիսովին:

 

Ի՞նչ սպասելիքներ ունես Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղից:

 

Ես կարծում եմ, որ մեզ այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ Լյուքսեմբուրգը գաճաճ պետությունների շարքում ամենաուժեղ թիմերից մեկն է: Վերջին ժամանակաշրջանում նրանք մեծ աճ են գրանցել և առաջվա նման հաճախ չեն պարտվում խոշոր հաշիվներով: Լրացուցիչ դժվարություններ կարող է առաջացնել այն հանգամանքը, որ հանդիպումն ընկերական է, և Վարդան Մինասյանը հավանաբար փորձարկումներ կկատարի այդ խաղում:

 

Ինքդ հույս ունե՞ս մասնակցել առաջիկա հանդիպմանը:

 

Ցանկացած ֆուտբոլիստ, ով հրավիրվում է հավաքական, հույս ունի խաղային ժամանակ ստանալ: Սակայն, եթե նույնիսկ ես չխաղամ, շատ չեմ տխրի, քանի որ, կարծում եմ, դեռ ամեն ինչ առջևում է: Հավաքականի փորձառու դարպասապահների կողքին մարզվելն ինձ համար մեծ փորձ կլինի: Բացի այդ արդեն իսկ ազգային հավաքական հրավիրվելը լուրջ նվաճում է և մեծ պատիվ:

.

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Բանանց 17 29
3. Փյունիկ 17 27
4. Արարատ-Արմենիա 17 26
5. Լոռի ՖԱ 17 25
6. Շիրակ 17 22
7. Գանձասար-Կապան 17 22
8. Արարատ 17 13
9. Արցախ ՖԱ 16 12