Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ ՀՖՖ Մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը

Կայացավ ՀՖՖ Մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը

ՀՖՖ 22.12.2022 12:15

Դեկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվեց ՀՖՖ Մարզչական արտոնագրերի թարմացման դասընթաց, որին մասնակցում էին տարբեր տարիների և բոլոր կատեգորիաների մարզիչները: Առաջին նման միջոցառումը տեղի էր ունեցել 2019թ․ դեկտեմբերին։

Դասընթացը մեկնարկեց ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի ողջույնի խոսքով, որից հետո ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը մարզիչներին ներկայացրեց դասընթացի ծրագրի մանրամասները։

Բազմաթիվ առաջատար մասնագետներ էին հրավիրվել դասախոսություններ կարդալու համար։ Առաջինը հանդես եկավ իսպանացի վերլուծաբան Անտոլին Գոնսալոն, ով ներկայացրեց Աշխարհի առաջնության ընթացքում Մարոկկոյի հավաքականի տակտիկական նկարագիրը:

Հաջորդ դասախոսությունը պրոֆեսիոնալ ֆուտբոլում պլանավորման մասին էր: Այն ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն։

Շուտով Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում սկսելու է կիրառվել VAR համակարգը, հետևաբար կարևոր էր այս թեմայով նույնպես վերապատրաստվել։ Համակարգի նրբությունները մարզիչներին ներկայացրեց նախկին հանրահայտ մրցավար Վալենտին Իվանովը։

Դասընթացի առաջին օրվա վերջին թեման նվիրված էր դարպասապահների մարզմանը։ Այս թեմայով իր փորձով կիսվեց Խոսե Սամբադեն:

Դասընթացի երկրորդ օրն ավելի ինտերակտիվ էր։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում մտածողության և հիշողության թեմայով դասախոսություն կարդաց Մատիաս Նովակը, ում մասնագիտական հարուստ փորձը ներառում է նաև 8 տարվա աշխատանքը Մյունխենի «Բավարիայում»։

Դասախոսությունն ուղեկցվեց նաև գործնական մասով. մարզիչները կատարեցին Նովակի առաջարկած վարժությունները։

Անտոնիո Ռոդրիգեսն, ով մշակել է Լա լիգայի ակադեմիաների մեթոդաբանության ծրագիրը, մարզիչներին ներկայացրեց իր գաղափարները։

Դասընթացի ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկում, մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերը ուղղել մասնագետներին։

Երկրորդ օրվա վերջում տեղի ունեցավ արտոնագրերի հանձնման արարողությունը։ Բացի թարմացված արտոնագրերից, ՊՐՈ արտոնագրերի վերջին դասընթացի մասնակիցները ևս ստացան իրենց արտոնագրերը։

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ