Գլխավոր >> Նորություններ >> Կայացան ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական գավաթի եզրափակիչները

Կայացան ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական գավաթի եզրափակիչները

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը նոյեմբերի 30-ին ընդունել էր դպրոցականների, որոնք ավելի քան երկու ամիս պայքարել էին 2023 թվականի ֆուտբոլի դպրոցական գավաթի խաղարկության հաղթողի կոչման համար։

Երեք տարիքային խմբերում՝ 10, 12 և 14 տարեկանների միջև վճռորոշ դիմակայություններում հայտնվել էին հինգ տարբեր մարզերի՝ Վայոց Ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի և Արմավիրի դպրոցականներ և հենց նրանց միջև պայքարում հայտնի դարձան հանրապետության լավագույն դպրոցական ֆուտբոլային թիմերը։

Մինչև 10 տարեկանների պայքարում եզրափակիչ էին հասել Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Տավուշի մարզի Կողբ գյուղի թիմերը: Այստեղ մեկ գնդակի առավելությամբ հաղթեցին Կողբ գյուղի դպրոցականները։ Մ12 տարեկանների եզրափակչում էին Սյունիքի մարզի Գորիսի թիվ 3 դպրոցն ու Արմավիրի մարզի Այգեվան համայնքի դպրոցականները: Մ14 տարեկանների պայքարում եզրափակիչ հասել էին Շիրակի Սառնաղբյուր գյուղի և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 դպրոցական թիմերը: Մ12 և Մ14 տարեկանների պայքարում հաջողությունն ուղեկցեց Արմավիրի մարզի թիմերին, որոնք երկուսն էլ ավելի դիպուկ գտնվեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում:

2023 թվականին մրցաշարը մասնակցության աննախադեպ ցուցանիշ է գրանցել. Մրցաշարին մասնակցել է 429 դպրոց, գրանցվել 759 թիմ։ Ընդհանուր առմամբ ծրագրում ներգրավված է եղել 8200 աշակերտ: Այս ծրագրին մասնակցողները ՀՖՖ-ի պրոֆեսիոնալ մրցումներին չմասնակցող, պրոֆեսիոնալ ֆուտբոլով չզբաղվող աշակերտներ են:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ