Գլխավոր >> Նորություններ >> Խոակին Կապառոս. «Վաղը մենք 2 կարևոր նպատակ ունենք»

Խոակին Կապառոս. «Վաղը մենք 2 կարևոր նպատակ ունենք»

Իռլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 26-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

(Հարցեր Վարազդատ Հարոյանին)

Հավանաբար հիասթափված եք Ուկրաինայի դեմ խաղից հետո: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս խաղից:
- Մենք փորձում ենք մոռանալ վերջին խաղը: Շատ դժվար ու անհաջող օր էր մեզ համար: Բայց վաղը նոր խաղ է, նոր հնարավորություն՝ ցույց տալու, որ մենք հոգեբանորեն ուժեղ ու լավ թիմ ենք:

- Երևանում լավ խաղ անցկացրիք Իռլանդիայի դեմ: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եք կրկնել այդ հաջողությունը:
- Այո, մենք իսկապես լավ խաղ անցկացրինք Իռլանդիայի դեմ Երևանում: Մենք ներդրեցինք մեր ուժերի 100 տոկոսը: Իռլանդիայի հավաքականը շատ լավ թիմ է, ֆիզիկապես ուժեղ ու շատ արագ: Հույս ունեմ, որ վաղը կկարողանանք նույնն անել, ինչ արեցինք Երևանում:

- Հայաստանում դժվար ժամանակներ են: Այս ծանր շրջանում ի՞նչ կարող է անել ազգային հավաքականը իր երկրի համար, երբ այն ենթարկված է հարձակման:
- Արդեն 2 տարի է, ինչ դժվար ժամանակներն են մեր երկրի ու մեր ժողովրդի համար: Մենք ֆուտբոլիստներ ենք, իսկ ֆուտբոլը մեծ խաղ է, և երբ հաղթում ես, կարողանում ես մի փոքր ուրախացնել քո ժողովրդին: Մենք կփորձենք հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց այդ ուրախությունը պարգևելու համար:

- Որքանո՞վ է հնարավոր կենտրոնանալ ֆուտբոլի վրա, երբ քո ընկերներն, ամենայն հավանականությամբ, կռվում են քո երկրի համար:
- Շատ, շատ դժվար է: Երևի թե բոլորը գիտեն, թե ինչ է պատերազմը, իսկ իմ երկրում արդեն 2 տարի է, ինչ այդ վիճակն է: Մեզ համար շատ բարդ է կենտրոնանալը և ֆուտբոլ խաղալը, բայց մենք հոգեբանորեն ուժեղ ազգ ենք:

(Հարցեր Խոակին Կապառոսին)

Արդյո՞ք կարող եք վաղը կրկնել այն ,ինչ արեցիք Երևանում Իռլանդիայի դեմ խաղում:
- Հենց դրա համար էլ եկել ենք: Վաղը մենք 2 կարևոր նպատակ ունենք: Առաջինն այն է, որ ազատվենք այն տպավորություններից, որ ստեղծվել են վերջին խաղից հետո: Մենք գիտակցում ենք, որ այն մակարդակի խաղ չցուցադրեցինք, որը հարիր է ազգային հավաքականին:
Մյուս նպատակն այն է, որ կարողանանք պահպանել մեր տեղը այս խմբում, որը բավականին բարդ խումբ է: Սակայն հասել ենք վերջին խաղին և ունենք մաթեմատիկական շանսեր մեր տեղը պահպանելու համար: Գիտենք, որ Իռլանդիայի հավաքականը բավականին ուժեղ թիմ է և խաղում է սեփական հարկի տակ, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք մեր նպատակին:

- Եթե դուք հաղթեք, կստիպեք Իռլանդիայի հավաքականին լքել B լիգան և տեղափոխվել  C լիգա: Արդյո՞ք դա այն է, ինչ ուզում եք անել:
- Իհարկե, այո:

- Երկրպագուների և լրագրողների արձագանքը Ուկրաինայի դեմ խաղից հետո բավականին բացասական էր: Արդյո՞ք Դուք դա զգում եք և արդյո՞ք զգում եք ճնշում Ձեզ վրա այդ խաղից հետո:
- Իհարկե մեր երկրպագուները շատ մեծ ցավ ապրեցին, ինչպես նաև բոլոր ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, բոլորը: Մենք այժմ ցանկանում ենք փոխել այն, ինչ ստեղծվեց Ուկրաինայի դեմ հանդիպումից հետո և ապացուցել, որ մենք բավականին մրցունակ թիմ ենք և արժանի ենք նրան, որ հանդես գանք այսպիսի բարդ խմբում:

- Ճի՞շտ է, որ Հարոյանն ու Սպերցյանը վաղը կվերադառնան որակազրկումից հետո և արդյո՞ք կազմում ունեք վնասվածքներ, թե՞ ոչ:
- Բնականաբար երկուսն էլ վերադարձել են: Հարոյանը թիմի ավագն է և իր բնավորությամբ և անհատականությամբ շատ մեծ նշանակություն ունի մեր թիմի համար և ընդհանրապես խաղի վրա շատ մեծ ազդեցություն ունի: Սպերցյանը այն ֆուտբոլիստն է, որը շատ տաղանդավոր է և դեռ շատ աճելու տեղ ունի: Մենք հուսով ենք, որ երկուսն էլ վաղը դաշտ դուրս կգան:
Ինչ վերաբերում է վնասվածքներին, ապա, բարեբախտաբար, վնասվածքներ չունենք:

- Արդյո՞ք սա Ձեր վերջին խաղն է հավաքականի ղեկին և եթե այդպես է, Դուք ունե՞ք ինչ-որ բան ապացուցելու և հեռանալու բարձր նոտայով:
- Իրականում իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է նոյեմբերի վերջին, և տեսականորեն սա կարող է լինել իմ վերջին հանդիպումը: Բնականաբար ոչ միայն մարզչական շտաբը, այլև բոլորն են ցանկանում լավ հանդիպում անցկացնել և հասնել այն նպատակին, որ թիմը պահպանի իր տեղը այս խմբում: Սակայն սպասենք վաղվան և տեսնենք, թե ինչ տեղի կունենա:


- Ես հասկանում եմ, որ մարզիչը իսպանացի է և միգուցե չհիշի, բայց արդյո՞ք նա տեղյակ է 2011 թվականին այստեղ կայացած հանդիպումից, երբ բավականին ծանր խաղ ստացվեց հավաքականի համար, և արդյո՞ք վաղվա հանդիպումը կարող է լինել ռևանշի հասնելու հնարավորություն ձեր թիմի համար:
- Ինչ խոսք, ես գիտեմ պատմությունը և գիտեմ նաև այն, որ իսպանացի մրցավար էր սպասարկում այդ հանդիպումը, քանի որ այդ մրցավարի հետ ընկերական հարաբերություններ ունենք:
Բայց դա արդեն պատմություն է, տեսնենք, թե ինչ կլինի վաղը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ