Հունիսի 9-11-ը ՀՖՖ-ում կայացել է ՈւԵՖԱ Ակումբների արտոնագրման փոխանակման ծրագրի երկրորդ փուլը
Հունիսի 9-11-ը ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման փոխանակման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում հյուրընկալեց ՈւԵՖԱ-ի և Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին։ Ծրագրի առաջին փուլը կայացել էր փետրվարին Լատվիայում, իսկ եզրափակիչը նախատեսված է հուլիսին Շվեյցարիայում։
Եռօրյա սեմինարի ներածական մասից զատ, ՀՖՖ համակարգի աշխատակիցներն ու փորձագետները ներկայացրին մի շարք թեմատիկ և բովանդակալից զեկույցներ։ Քննարկվեցին ակումբների արտոնագրման գործունեությունն ու հիմնական սկզբունքները, 6 պարտադիր չափանիշները, որոշում կայացնող մարմինների գործառույթները և ֆուտբոլի կառավարման համակարգով աշխատանքների կազմակերպումը։ Անդրադարձ եղավ նաև Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացմանը, ամենամյա SGS աուդիտների եզրափակիչ արդյունքներին, ակումբների հետ հաղորդակցության միջոցներին և առկա մարտահրավերներին։
Հատկապես արդյունավետ էր ակումբների ֆինանսական փաթեթների և պահանջների բավարարման առնչությամբ ծավալված քննարկումը, որի ընթացքում ոլորտի մասնագետները սպառիչ պատասխանեցին բարձրացված կարևորագույն հարցերին։
Հյուրերի համար կազմակերպվեց նաև շրջայց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ ծանոթանալու մարզական և վարչական ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ խաղադաշտերին, ֆուտզալի դահլիճին, մարզասրահին, լողավազանին ու կոնֆերանսների սրահին։
«Շնորհակալ եմ ՀՖՖ-ին և արտոնագրման թիմին այսպիսի սեմինար կազմակերպելու համար։ ՈՒԵՖԱ-ի այս փոխանակման ծրագրի հիմնական նպատակը փորձի փոխանակումն է և մասնագիտական կապերի ձևավորումը, որոնք կշարունակվեն հետագայում։ Այս օրերին լսեցինք բարձրորակ ներկայացումներ, ավելի լավ ճանաչեցինք հայկական արտոնագրման համակարգը և ծանոթացանք ձեր գեղեցիկ երկրին։ Առանձնահատուկ տպավորիչ էր այցը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիա։ Ենթակառուցվածքները հիանալի են: Ամեն տեղ չես տեսնի նման բարձրակարգ համալիր՝ ավելի քան 90 անձի համար նախատեսված հյուրանոցով, բնական ու արհեստական տասնյակ խաղադաշտերով, լողավազանով և մարզական այլ հարմարություններով: Հրաշալի է, որ համեմատաբար փոքր ֆեդերացիան կարող է ունենալ ֆուտբոլի զարգացմանը նպաստող նման մեծ հնարավորություններ։ Սա կարող է ոգեշնչել նաև Լատվիայի մեր գործընկերներին՝ իրենց հետագա ծրագրերը մշակելիս։ Այստեղ մենք մեզ զգացինք ինչպես տանը», - նշել է ՈւԵՖԱ Ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության բաժնի hամապատասխանության մենեջեր Թոմաս Զիետենը։
«Շնորհակալ եմ ՈՒԵՖԱ-ին մեզ և Հայաստանին այս ծրագրում ընտրելու համար։ Սա կատարյալ համընկնում է․ բնակչության թվով և այլ ցուցանիշներով Հայաստանը և Լատվիան նույն հարթության երկրներ ու ֆեդերացիաներ են, ունենք նաև ակումբային ֆուտբոլի նմանատիպ մարտահրավերներ։ Այս սեմինարն իրական թիմային աշխատանք էր՝ ճիշտ այնպես, ինչպես ֆուտբոլը։ Քննարկեցինք ամենաբարդ՝ ֆինանսական և իրավական ոլորտների խնդիրները։ Բացի այդ, անդրադարձանք երկուսիս համար էլ համեմատաբար նոր թեմաների՝ սոցիալական և բնապահպանական պատասխանատվությանը։ Ամենակարևորը՝ ակտիվ քննարկումներով գտանք մեր առջև ծառացած մի շարք խնդիրների լուծումներ։ Կազմակերպչական աշխատանքը պարզապես հրաշալի էր։ Ռիգայում մենք բարձր նշաձող էինք սահմանել, սակայն Հայաստանի մեր գործընկերներն այն բացառիկ մակարդակի հասցրին», - ընդգծել է Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժնի պետ Արտուրս Սալնիկովսը։