Գլխավոր >> Նորություններ >> «Յունիսպորտն» անցկացրեց առաջին հավաքը․ թիմին հանդիպեց և իր աջակցությունը հայտնեց Ռուբեն Նազարեթյանը

«Յունիսպորտն» անցկացրեց առաջին հավաքը․ թիմին հանդիպեց և իր աջակցությունը հայտնեց Ռուբեն Նազարեթյանը

Ֆուտզալ 20.07.2026 13:31

Հուլիսի 13-18-ը «Յունիսպորտն» անցկացրեց առաջին ուսումնամարզական հավաքը։ Ալեքսանդր Դիբրիվնու թիմը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի նախնական փուլին։ «Յունիսպորտի» ընդգրկված է E խմբում, որտեղ մրցակիցներն են գերմանական «Վայլիմդորֆը», էստոնական «Տալլինն» ու իսլանդական «Ռեյկյավիկը»։

 

Թիմին հանդիպել և իր աջակցությունն է հայտնել ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանը։ «Չեմպիոնների լիգայի նախնական փուլն անցկացնելու ենք «Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիրում»։ Կաշխատենք ՈՒԵՖԱ-ի մեր գործընկերների հետ, որպեսզի մարզադահլիճը լիցենզավորվի։ Մոտ 3 ամիս է ղեկավարում եմ հայկական ֆուտզալը, և ինձ համար ձեր մասնակցությունը Չեմպիոնների լիգային առանձնահատուկ նշանակություն ունի։ Եթե Հայաստանը ներկայացված է միջազգային մրցաշարում, ամեն ինչ պետք է լինի ամենաբարձր մակարդակով, քանի որ դուք ներկայացնում եք մեր երկիրը։ Կազմակերպչական առումով վստահ եմ, որ կանենք հնարավորը, որպեսզի այս մրցաշարը դառնա Չեմպիոնների լիգայի լավագույն մինի-մրցաշարերից։ Իսկ արդյունքն արդեն կախված է ձեզնից։ Իմ խնդրանքը և միաժամանակ պահանջն այն է, որ այս պահից բոլորս լրջանանք։ ՀՖՖ-ն և ես շուրջօրյա լինելու ենք ձեր կողքին։ Չպետք է թերագնահատենք որևէ մրցակցի։ Հայաստանն այսօր արդեն այնպիսի հեղինակություն ունի, որ յուրաքանչյուր թիմ մեր դեմ դուրս է գալու առավելագույն նվիրումով, ինչպես ժամանակին մենք էինք խաղում Իսպանիայի, Պորտուգալիայի կամ Ֆրանսիայի հավաքականների դեմ։ Պետք է առաջին տեղով դուրս գանք հաջորդ փուլ։ Այսօր «Յունիսպորտը» դարձել է ազգային հավաքականի բազային թիմը։ Այս հանդիպումները յուրաքանչյուրիդ համար լավ հնարավորություն են՝ արժանանալու ազգային հավաքական հրավիրվելու հնարավորությանը», - ասել է Ռուբեն Նազարեթյանը։

 

«Այս ուսումնամարզական հավաքի հիմնական նպատակը ֆիզիկական պատրաստվածությունն է։ Տղաները մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատեցին։ Այժմ աստիճանաբար կնվազեցնենք մարզումների ծավալը և կբարձրացնենք ինտենսիվությունը։ Մրցակիցներից «Տալլինին» շատ լավ եմ ճանաչում, քանի որ աշխատել եմ Էստոնիայում և մարզել եմ այդ թիմի յոթ ֆուտզալիստի։ Գուցե նրանք ամենաբարձր մակարդակի խաղացողներ չեն, բայց, միևնույն է, մեզ հեշտ հանդիպում չի սպասվում։ «Վալդլմսդորֆին» նույնպես լավ եմ ճանաչում։ Մանրամասն ուսումնասիրել և վերլուծել եմ նրանց խաղը։ Ինչ վերաբերում է «Ռեյկյավիկին», ապա այդ թիմում գրեթե իսլանդացի ֆուտզալիստներ չկան։ Հիմնականում այնտեղ հանդես են գալիս միջին մակարդակի բրազիլացիներ և իտալացիներ։ Մենք ևս նպատակային ուժեղացումներ ենք կատարել։ Թիմին անհրաժեշտ էր ձախլիկ ֆուտզալիստ, և այդ նպատակով հրավիրեցինք Գարեգին Մաշումյանին։ Այդ դիրքն ավելի ամրապնդելու համար մեզ միացավ նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտզալիստ Վիտինյոն։ Բացի այդ, նոր մրցաշրջանում մեր թիմում հանդես կգան նաև Ռենատո Ռամբան, Արթուր Մելքոնյանը և Արթուր Մկրտչյանը», - նշել է «Յունիսպորտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Դիբրիվնին։

 

««Ուխտայի» հետ պայմանագիրս ավարտվեց, և «Յունիսպորտի» ներկայացուցիչներն առաջարկեցին միանալ թիմին՝ հստակ նպատակով՝ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Ընդունեցի առաջարկը, քանի որ երբեք չեմ մասնակցել այս մրցաշարին։ Ինձ համար շատ հետաքրքիր և կարևոր հնարավորություն է ուժերս փորձել եվրոպական հարթակում», - ընդգծել է «Յունիսպորտի» ֆուտզալիստ Արթուր Մելքոնյանը։

 

Տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ