Գլխավոր >> Նորություններ >> «Վայք ՖԱ»-ն՝ Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի չեմպիոն

«Վայք ՖԱ»-ն՝ Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի չեմպիոն

Ապրիլի 14-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի եզրափակիչ «ՖԱ Կիլիկիա» - «Վայք ՖԱ» հանդիպումը:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: 62-րդ րոպեին Սիմոն Օբոնդեն բացեց հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով «Վայքին»: Նվազագույն հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման վերջնամասը: Այսպիսով «Վայք ՖԱ»-ն նվաճեց Սիրողական ֆուտբոլի Ա Լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնի կոչումը:

3-րդ տեղի համար խաղում ավելի վաղ միմյանց դեմ մրցել էին «Բենտոնիտը» և «Արարատի-Արաքսը»: Գոլառատ ու լարված պայքարում ավելի ուժեղ էր գտնվել «Արարատի-Արաքսը»՝ հաղթելով 3:2 հաշվով:

18 գնդակով մրցաշարի գլխավոր ռմբարկու ճանաչվեց առաջնության երրորդ մրցանակակիր «Արարատի Արաքս» ակումբի հարձակվող Ռոջեռ Ռոզիսկիդ Կոմլա Ակատոն, ում պարգևատրեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։   

Սիրողական ֆուտբոլի Ա Լիգայի 2023/24 մրցաշրջանում երրորդ տեղը զբաղեցրած «Արարատի Արաքս» և 2-րդ տեղը զբաղեցրած «ՖԱ Կիլիկիա» ակումբները պարգատրվեցին հաջորդ մրցաշրջանում Հայաստանի գավաթի խաղարկությունում հանդես գալու իրավունք ընձեռող սերտիֆիկատով: Մրցանակները նրանց հանձնեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։

Սիրողական Ա Լիգայի 2023/24 մրցաշրջանում հաղթած «Վայք ՖԱ» ակումբը պարգատրվեց հաջորդ մրցաշրջանում Հայաստանի գավաթի հաջորդ խաղարկությունում հանդես գալու իրավունք ընձեռող սերտիֆիկատով, ինչպես նաև UEFA Regions’ Cup միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնելու իրավունք ընձեռող սերտիֆիկատով:

Մրցանակները «Վայք ՖԱ» ակումբի գլխավոր մարզիչ Սիմոն Համբարձումյանին հանձնեց Աբրահամ Խաշմանյանը:

Չեմպիոն թիմին ոսկե մեդալներով և չեմպիոնական գավաթով պարգևատրեց հայկական ֆուտբոլի լեգենդ, ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ