ՀՖՖ-ն մասնակցեց ֆուտբոլում հաշմանդամություն ունեցող երկրպագուների ներգրավվածության շաբաթին
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատիվ ունեցավ աջակցելու հաշմանդամություն ունեցող երկրպագուների՝ ֆուտբոլում ներգրավվածության ապահովման ծրագրին /CAFÉ Week of Action 2021 / «Ամբողջական հասանելիություն» կարգախոսով:
Ամբողջ աշխարհում ապրում է ավելի քան մեկ միլիարդ հաշմանդամություն ունեցող անձ՝ համաշխարհային բնակչության 15%-ը: Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցողները հաճախ մեր հասարակության ամենախոցելի և ամենից քիչ ներկայացված խմբերից մեկն են:
Այս բարդ ժամանակահատվածում սպորտն այն ուժն է, որը կարող է խթան հանդիսանալ հասարակությունում ներառական փոփոխություններ կատարելու համար:
CAFÉ-ի տեսլականն է նպաստել հաշմանդամություն ունեցող երկրպագուների ընդգրկվածությանը ֆուտբոլային խաղերին՝ ապահովելով վերջիններիս օրինական տեղը ֆուտբոլում որպես երկրպագուներ, հյուրեր, կամավորներ, աշխատակիցներ, մարզիչներ, խաղացողներ, առաջնորդներ և որոշում կայացնողներ:
Մենք համագործակցում ենք Եվրոպայի և նրանից դուրս սփռված այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով տարածել բոլորի համար համընդհանուր ներգրավվածության և հասանելիության գաղափարը «Ամբողջական հասանելիության» սկզբունքով:
Այս տարի ծրագիրն իրականացվեց մարտի 5-15ը: Ծրագրին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ակումբները: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և VBET Հայաստանի Գավաթի հանդիպումներին հրավիրվեցին հաշմանդամություն ունեցող երկրպագուներ, հանձնվեցին թեմատիկ շապիկներ, եղան ընդհանուր լուսանկարներ:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ՀՖՖ-ն իր շնորհակալությունն է հայտնում հաշմանդամություն ունեցող երկրպագուներին իրենց նվիրվածության և շարունակական աջակցության համար: