
Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը
Fastex Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափի քննարկում, ՀՖՖ Ֆուտբոլային գործակալների կանոնակարգի և ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխման կանոնակարգի հաստատում:
Վերոնշյալ օրակարգով հունիսի 30-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Fastex Պրեմիեր Լիգայի 2025/2026 մրցաշրջանի ձևաչափի քննարկմանը:
Դեռևս հունվարին ՀՖՖ Մրցումների բաժինը հանդես էր եկել Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափի շուրջ քննարկումների նախաձեռնությամբ: Դրանից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ակումբների միջև կայացել են բազմաթիվ, այդ թվում՝ հրապարակային քննարկումներ, որոնց արդյունքում ակումբների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Fastex Պրեմիեր Լիգայի 2025/2026 մրցաշրջանը 10 թիմով և 3 շրջանով անցկացնելու ձևաչափին:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին ակումբների կողմից ներկայացված առաջարկությունները, որից հետո որոշեցին՝
Fastex Պրեմիեր Լիգայի 2025/2026 մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ:
Առաջնությունը բաղկացած կլինի 3 շրջանից:
2026/2027, 2027/2028, 2028/2029 մրցաշրջանների առաջնություններին կմասնակցի առավելագույնը 10 թիմ:
Այնուհետև քննարկվեց «Սյունիք» ֆուտբոլային ակումբի՝ Fastex Պրեմիեր Լիգայի 2025/2026 մրցաշրջանին մասնակցելու հարցը: «Սյունիք» ՖԱ-ն, չնայած մարզական չափանիշով իրավունք էր ձեռք բերել հանդես գալու Fastex Պրեմիեր Լիգայում, որոշել է շարունակել հանդես գալ Հայաստանի Առաջին խմբում:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ, «Սյունիք» ՖԱ տնօրենի խորհրդական Նարեկ Բաբայանը ներկայացրեց այս հարցի շուրջ ակումբի պարզաբանումը.
Քանի որ Կապանի «Լեռնագործ» մարզադաշտը դեռեւս չի համապատասխանում Fastex Պրեմիեր լիգայի համար սահմանված չափորոշիչներին, Fastex Պրեմիեր լիգայում հանդես գալու դեպքում ակումբը չէր կարող խաղալ Կապանում:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ «Սյունիք» ՖԱ քաղաքականությունն ուղղված է հենց Սյունիքում ֆուտբոլի զարգացմանը, իսկ ակումբը ցանկանում է խաղալ միայն Կապանում, որոշում է կայացվել ևս մեկ տարի հանդես գալ Հայաստանի Առաջին խմբում։
«Սյունիք» ՖԱ տեղը կզբաղեցնի Fastex Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանին մասնակցելու արտոնագիր ունեցող միակ ակումբը՝ «Գանձասարը» (Առաջին խմբի մասնակից ակումբներից որևէ մեկը չունի նման արտոնագիր):
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն, հաշվի առնելով Fastex Պրեմիեր Լիգայի ակումբների միջնորդությունը, որոշեց չեղյալ համարել ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի (2024-2025 թ․ խմբագրություն) 31․10 կետը և ուժի մեջ թողնել նույն կանոնակարգի 31․09 կետը, ըստ որի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերի արձանագրությունում մեկ թիմի կազմում ընգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը և խաղադաշտում միաժամանակ գտնվող ֆուտբոլիստներից 3-ը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ:
ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց առաջիկա 3 ամիսների ընթացքում կազմակերպել քննարկումներ ակումբների հետ, որից հետո միայն կայացնել այս կետերի շուրջ որոշում 2026/2027 մրցաշրջանի համար:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կողմ քվեարկեցին նաև ՀՖՖ Ֆուտբոլային գործակալների կանոնակարգի 2025թ․ խմբագրության և ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման կանոնակարգի 2025թ․ խմբագրության հաստատմանը: