Գլխավոր >> Նորություններ >> Ռոման Բերեզովսկի.«Վաղը մի քանի անակնկալ կմատուցենք մրցակցին»

Ռոման Բերեզովսկի.«Վաղը մի քանի անակնկալ կմատուցենք մրցակցին»

Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ նոյեմբերի 18-ին Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

(հարցեր Վահան Բիչախչյանին)

-Մեզ թվաց, որ Կոսովոյի հավաքականի դեմ խաղում ավելի շատ փորձում էիք խաղալ հակագրոհներով: Արդյո՞ք դա խաղային ոճ է, թե՞ ուղղակի այդպես ստացվեց:

-Կարող եմ ասել, որ առաջադրանք չէինք ստացել խաղալ հակագրոհներով: Որոշ իրավիճակներում շատ լավ էինք վերահսկում գնդակը, մենք էինք թելադրում, լավ գրոհներ էինք կազմակերպում ու հենց խաղի սկզբից լավ պահեր ունեինք: Երկրորդ խաղակեսում ավելի շատ  հակագրոհներով խաղացինք, առաջին գոլն էլ հենց հակագրոհի արդյունքում խփեցինք: Խաղի որոշ  հատվածներում ավելի շատ վերահսկում էինք գնդակը, որոշ հատվածներում փորձում էինք հակագրոհներով խաղալ: Այնպես չէ, որ դաշտ էինք դուրս եկել միայն հակագրոհներով խաղալու համար:

-Կոսովոյի դեմ խաղում շատ էին հեռահար հարվածները Ձեր կատարմամբ: Արդյո՞ք դա պայմանավորված էր խոտածածկի որակով և խաղի բնույթով, թե՞ այդպիսի մարզչական առաջադրանք կար:
-
Մարզչի կողմից կային հրահանգներ, որոնք կատարելու դեպքում կկարողանայինք լավ արդյունքի հասնել:


(հարցեր Ռոման Բերեզովսկուն)
 

-Ձեր առաջին տպավորությունները Կոսովոյի հետ 2:2 ավարտված հանդիպումից:
-Բոլորը տեսան, որ բավականին փոխվել է մեր խաղային պատկերը: Մենք ավելի շատ էինք գնդակով լինում: Հույս ունեմ, որ թե՛ մեր ֆուտբոլիստները և թե՛ մենք ավելի շատ հաճույք ստացանք այդպիսի խաղից: Ափսոս մի քիչ չհերիքեց հաղթանակի համար:

-Որքանո՞վ եք ծանոթ Ալբանիայի հավաքականին  և ուսումնասիրե՞լ եք արդյոք նրանց խաղերը, թե ոչ:
-Ժամանակակից ֆուտբոլում, կարծում եմ, հնարավոր չէ չուսումնասիրել հակառակորդին: Այո՛, մենք նայել ենք Իտալիայի դեմ վերջին խաղը և ըստ դրա պատրաստվել ենք վաղվա հանդիպմանը:
 

- Արդյո՞ք մեծ փոփոխություններ են սպասվում վաղվա խաղում տակտիկայի և կազմի ռոտացիայի տեսանկյունից:

-Բավականին շատ ֆուտբոլիստներ մասնակցեցին երեկվա հանդիպմանը, մենք օգտագործեցինք բոլոր հնարավոր փոփոխությունները: Վաղը մի քանի անակնկալ կմատուցենք մրցակցին: Ռոտացիայի պահով դեռ ժամանակ ունենք, 1 օր դեռ կա: Տեսնենք, թե ինչպես են ֆուտբոլիստները վերականգնվել, իսսկ մեր խաղաոճը երևի թե կփոխվի:

-Ասացիք, որ հնարավոր է կազմի ռոտացիա, այդ առումով Ալբանիայում արդեն թիմին միացել է «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը: Ի՞նչ կարծիք ունեք այդ ֆուտբոլիստի մասին և հնարավո՞ր է, որ վաղը նա էլ խաղաժամանակ ստանա:
-Ափսոս, որ Գալոյանը չկարողացավ մասնակցել Կոսովոյի դեմ խաղին: Բայց վաղը անպայման խաղաժամանակ կստանա, բայց դեռ չեմ կարող ասել կլինի մեկնարկային կազմում, թե դուրս կգա փոխարինման:
 

-Խաղացել եք Ալբանիայի հավաքականի դեմ նաև որպես ֆուտբոլիստ, այսօր արդեն հանդես եք գալիս որպես գլխավոր մարզիչ: Ինչպիսի՞ զգացողություններ ունեք:
-Որպես ֆուտբոլիստ շատ ծանր հանդիպումներ եմ անցկացրել Ալբանիայի ընտրանու դեմ: Ալբանիան սեփական դաշտում շատ լավ է հանդես գալիս: Նախապատրաստական փուլը որպես մարզիչ ինձնից ավելի շատ ժամանակ է խլում: Բայց հուսով եմ, որ դա օգուտ կբերի մեր թիմին:  

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ