Դանիել Հակոբյան․ Grassroots Hero
Փոխել ճակատագրեր ֆուտբոլի շնորհիվ` հանուն ֆուտբոլի և հանուն կյանքի։ Սա է մարզիչ Դանիել Հակոբյանի կարգախոսը։ Մարդ, որն իր առօրյան նվիրել և նվիրում է ֆիզիկական, ինչպես նաև մտավոր առանձնահատկություններով երեխաներին մարզելուն։ Մասնագետ, որն ապահովում է ֆուտբոլի հասանելիությունը բոլորին և խրախուսում է դիտարկել մարզաձևը որպես առողջության միջոց։
Սեր, ոգևորություն, նվիրվածություն։ Այս 3 կետն օգնում է Դանիելին ղեկավարել շուրջ 40 ֆուտբոլիստով համալրված ներառական թիմերը։
Հակոբյանի ուղղին սկսել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Բուհում ստացել է ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումների բակալավրի, ինչպես նաև մագիստրոսի աստիճաններ: Այսքանով, սակայն, չի բավարարվում։ Այժմ հաճախում է ադապտիվ ֆիզիկական դաստիարակության դասընթացներին:
Ուսումից զատ, Դանիելը Ֆիզկուլտուրայի ուսուցիչ է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:
Գործունեությունը շարունակում է նաև միջազգային հարթակներում։ Դանիելը Հատուկ Օլիմպիական խաղերի միջոցառումների կամավոր է։ Ակտիվ է համայնքային աշխատանքներում՝ հաշմանդամային սպորտի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար: Այս ամենին զուգահեռ, Դանիելը համագործակցում է ՀՖՖ մասայական և սիրողական ֆուտբոլի բաժինների հետ։ Նպատակը՝ մշակել թիմային աշխատանքի, վստահության և սոցիալական կապի վրա հիմնված անհատական մարզումների ծրագիր։
Նա նվիրված է ներառական միջավայր ստեղծելուն։ Անկյուն, որտեղ յուրաքանչյուր խաղացող կարող է զարգացնել իր հմտությունները: Նրա առաքելությունն է ֆուտբոլի միջոցով օգնել զարգացման առանձնահատկություններ ունեցող խաղացողներին։ Օգնել նրանց ունենալ վստահություն, ֆիզիկական պատրաստվածություն և կարևորության զգացում: Ըստ Դանիելի՝ ֆուտբոլը պարզապես խաղ չէ․ սոցիալական ներառման, անձնական զարգացման և խոչընդոտների հաղթահարման հզոր գործիք է:
Դանիելը շարունակել ու շարունակում է այս բարդ, բայց պատասխանատու առաքելությունը.
• Համագործակցում է ՀՖՖ-ի և տեղական ակումբների հետ՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հարմարությունների, ռեսուրսների հասանելիությունը մեծացնելու համար:
• Մշակում է խաղացողների կարիքներին հարմարեցված ադապտիվ մարզական ծրագրեր:
• Ստեղծում է թիմային միջավայր, որտեղ գնահատում է միասնական աշխատանքը և հարգանքը:
Դանիելի ազդեցությունը ֆուտբոլի զարգացման գործում.
• Խաղացողներից շատերը բարելավել են ֆիզիկական և հոգեկան առողջությունը:
• Ընտանիքները/ծնողները հայտնել են ավելի մեծ սոցիալական կապի և դրական արձագանքների մասին:
• Որոշ խաղացողներ դարձել են ավելի ճանաչված և այդ ամենի շնորհիվ բարձրացել է իրազեկվածությունը։
Քրտնաջան աշխատանքն ու աննկուն կամքն արդյունք ունեցավ։ Դանիելի թիմերը Հայաստան-Պորտուգալիա և Հայաստան-Իռլանդիա հանդիպման ֆուտբոլիստներին ուղեկցեց խաղադաշտ։ Նախ հուզվեց, ապա ամբողջ աշխարհին հուզեց Ռուբենը։ Պորտուգալիայի դեմ մրցավեճում նա Կրիշտիանու Ռոնալդուի հետ դուրս եկավ խաղադաշտ, ունեցավ մի քանի անմոռանալի ակնթարթ։ Լսողական առանձնահատկություն ունեցող տղան Դանիել Հակոբյանի թիմում զբաղվում է ադապտիվ ֆուտբոլով:
Մրցավեճից հետո Ռոնալդուն Ռուբենի հետ Ինստագրամում տեսանյութ հրապարակեց՝ գրելով. «Ես երեկ նոր ընկեր ձեռք բերեցի»: Այն տարածվեց կայծակնային արագությամբ, ունեցավ միլիոնավոր դիտումներ, ստացավ բազմաթիվ դրական արձագանքներ։
Այս ամենն իրականություն չէր դառնա առանց նվիրյալ մարզչի։ Մարզիչ, որ տեսավ ու ցույց տվեց ֆուտբոլն այլ անկյունից։