
Կայացան ՀՖՖ Ֆուտբոլի 2022 թ. դպրոցական առաջնության եզրափակիչները
Ավարտվեց ՀՖՖ Ֆուտբոլի 2022 թ. դպրոցական առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 3100 աշակերտ Հայաստանի Հանրապետության 190 դպրոցներից: Առաջնությունն անցկացվում էր 3 տարիքային խմբերում:
Առաջին տարիքային խումբը մինչև 10 տարեկաններն էին: 3-րդ տեղի համար մրցավեճում Արարատի մարզի Փոքր Վեդու դպրոցի թիմը 11:4 հաշվով առավելության հասավ Տավուշի մարզի Կողբի դպրոցի նկատմամբ: Եզրափակչում Արագածոտնի մարզի Արագածավանի դպրոցի թիմը 7-մետրանոց հարվածներով հաղթեց Գեղարքունիքի մարզի Լիճքի դպրոցի թիմին:
Մինչև 12 տարեկանների պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Սյունիքի մարզի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, որը 8:7 հաշվով հաղթեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 1 դպրոցը ներկայացնող թիմին: Եզրափակչում Լոռու մարզի՝ Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 դպրոցի թիմը 4:1 հաշվով հաղթեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 8-րդ դպրոցի թիմին:
Վերջինը մինչև 14 տարեկանների խումբն էր: Այստեղ 3-րդ տեղում Գեղարքունիքի մարզի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի թիմն էր, որը 8:4 հաշվով հաղթեց Տավուշի մարզի Մ. Մագուլյանի անվան Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմին: Եզրափակչում Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի դպրոցի թիմը 7-մետրանոցներով հաղթեց Սյունիքի մարզի 2-րդ դպրոցի թիմին: