Գլխավոր >> Նորություններ >> Պաշտոնական հայտարարություն

Պաշտոնական հայտարարություն

ՀՖՖ 28.02.2025 14:49

 «Ժողովուրդ» օրաթերթը հերթական անգամ շահադիտական նպատակներով, իրականությունը խեղաթյուրելով, նյութ է հրապարակում ՀՖՖ –ի դեմ՝ խայտառակ ձեւով մանիպուլացնելով փաստերը, կեղծելով իրականությունը:

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը նյութ էր հրապարակել, իբր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում չարաշահումներ են հայտնաբերվել, ընթանում են ստուգումներ,և կա անգամ բերման ենթարկված անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեից էլ հաստատել են, որ կա քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Փողերի լվացումը խոշոր չափերով): Նյութը հրապարակվել է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի լուսանկարով, եւ այն արտատպել են մի շարք այլ լրատվամիջոցներ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ վերջին շրջանում ստուգումներ ՀՖՖ-ում չեն եղել, չկա բերման ենթարկված, առավել եւս ձերբակալված անձ: 

Վերոնշյալ տեղեկատվության պարզաբանման նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պաշտոնական հարցում է ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե, որից ստացված պաշտոնական պատասխանի համաձայն՝  վերոնշյալ հոդվածում ՀՀ Քննչական կոմիտեի մեկնաբանությունը խեղաթյուրված է և ակնհայտորեն ժամանակագրային առումով չի առնչվում ՀՖՖ-ի ներկա գործունեության հետ: 

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի 2025 թվականի փետրվարի 27-ի հրապարակման մեջ նշված քրեական վարույթը հարուցվել է դեռևս 2019 թվականին եւ վերաբերվում է ՀՖՖ նախկին նախագահ և միաժամանակ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության փաստացի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի աշխատակիցների կողմից մինչեւ 2018 թ. ՀՖՖ մարզադպրոցների և մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ընթացքում իրականացված ենթադրյալ  չարաշահումների և փողերի լվացման դեպքերին։

ՀՀ Քննչական կոմիտեի պատասխանը ՀՖՖ-ին՝ ամբողջությամբ:  

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ