Կյանքից հեռացել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը
Նոյեմբերի 11-ին 99 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար նախկին ֆուտբոլիստ, մարզիչ, Նիկիտա Սիմոնյանը։
Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» կազմում և 162 գոլով ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն է։ Նա «Սպարտակում» չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել է Գավաթը։ 1956 թվականին ԽՍՀՄ-ի կազմում դարձել է Օլիմպիական չեմպիոն։
Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատը» 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ «Սպարտակի» հետ նա չեմպիոնական տիտղոսը նվաճել է երկու, իսկ գավաթը` չորս անգամ։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ցավակցական ուղերձ է հղել
«Խորին ցավով տեղեկացանք լեգենդար մարզիչ և ֆուտբոլի մեծ աստղ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։ Նրա անունը տասնամյակներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշ էր։ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ և պաշտոնյա՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Հայ երկրպագուներին իր առաջնորդությամբ նա պարգևել է «Արարատ-73»-ի հաղթանակները՝ դառնալով մի ամբողջ ժողովրդի հպարտություն։
«Հատկապես հիացմունքի է արժանի այն, որ Նիկիտա Սիմոնյանը մինչև կյանքի վերջին օրերը ներգրավված է եղել ֆուտբոլային առօրյայում աշխատել և նվիրվել է խաղին՝ մշտապես ի ցույց դնելով իր ապշեցուցիչ համեստությունը և ոգու կորովը։ Նիկիտա Սիմոնյանի ֆուտբոլային ժառանգությունը և անձնային հատկանիշները կմնան մշտական օրինակ մարզական ու մարդկային ամենաբարձր արժեքների: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայաստանյան ֆուտբոլային ընտանիքի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կապված էին նրա անվան ու գործի հետ»։