ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ա կարգի արտոնագրի դասընթացը մարզչական կրթության հիմնական ուղու երրորդ մակարդակն է և նախատեսված է փորձառու մարզիչների մասնագիտական զարգացման համար։
Դասընթացը խորացնում է Բ կարգի դասընթացում ձևավորված գիտելիքներն ու կարողությունները՝ մարզչին նախապատրաստելով խաղացողի և թիմի զարգացման գործընթացն ավելի համակարգված ղեկավարելու, խաղային մոդել ձևավորելու և զարգացնելու, մարզումային գործընթացը խաղի պահանջներին համապատասխան կառավարելու և մարզչական շտաբի աշխատանքը համակարգելու համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում խաղային և մարզումային գործընթացների փոխկապակցմանը, սեփական թիմի և մրցակցի խաղի վերլուծության կիրառմանը, ինչպես նաև տարբեր մասնագետների աշխատանքի համադրմանը՝ խաղացողների և թիմի պատրաստվածությունն ու խաղային արդյունավետությունը բարձրացնելու համար։
Դասընթացի նպատակն է զարգացնել մարզչի կարողությունը՝ ղեկավարելու խաղացողի և թիմի զարգացման ամբողջական գործընթացը, ձևավորելու ու գործնականում կիրառելու խաղային մոդել և դրա հիման վրա համակարգելու թիմի մարզումային ու մրցակցային պատրաստությունը։
Մասնակիցները զարգացնում են խաղային և մարզումային գործընթացները համադրելու, վերլուծության արդյունքների հիման վրա մարզչական որոշումներ կայացնելու, մարզչական շտաբի տարբեր մասնագետների աշխատանքը համակարգելու, ինչպես նաև սեփական մասնագիտական գործունեությունը շարունակաբար գնահատելու և կատարելագործելու կարողությունները։
Դասընթացի բովանդակությունը կառուցված է չորս փոխկապակցված ուղղությունների շուրջ՝ «Մարզիչը», «Խաղացողը և թիմը», «Մարզումային միջավայրը» և «Խաղը»։
Մարզչական շտաբի ղեկավարում և տարբեր մասնագետների աշխատանքի համակարգում, դերերի ու պատասխանատվությունների բաշխում, մասնագիտական հաղորդակցություն և հետադարձ կապ։ Կարևորվում են շտաբում արդյունավետ համագործակցության ձևավորումը, սեփական մարզչական գործունեության շարունակական վերլուծությունը և մասնագիտական զարգացումը։
Խաղացողի անհատական և թիմի ընդհանուր զարգացման պլանավորում ու կառավարում՝ հաշվի առնելով խաղացողների տեխնիկական, տակտիկական, ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները։ Անհատական նպատակների համադրում թիմի պահանջների և խաղային մոդելի հետ, երիտասարդականից մեծահասակների ֆուտբոլ անցմանն աջակցություն, տաղանդի և ներուժի զարգացում, աճի ու կենսաբանական հասունացման ազդեցության գնահատում։ Կարևորվում է խաղացողի զարգացման նկատմամբ ամբողջական մոտեցումը։ Այս մոտեցման շրջանակում հաշվի են առնվում նաև նրա պատրաստվածության, կենսակերպի և բարեկեցության վրա ազդող գործոնները։
Մարզումային գործընթացի և մարզումային շաբաթվա պլանավորում ու կառավարում՝ թիմի խաղային մոդելի, մրցակցի առանձնահատկությունների և խաղի տակտիկական ու ֆիզիկական պահանջների հիման վրա։ Մարզումների նախագծում, անցկացում և գնահատում, ծանրաբեռնվածության կառավարում, ֆիզիկական պատրաստության և մյուս մասնագիտական ուղղությունների համադրում մարզումային գործընթացում։ Կարևորվում է խաղացողների ակտիվ մասնակցությանը, ինքնուրույն որոշումների կայացմանը և զարգացմանը նպաստող մարզումային միջավայրի ստեղծումը։
Խաղային փիլիսոփայության և խաղային մոդելի ձևավորում ու զարգացում, խաղաոճի և խաղային համակարգերի կիրառում, հարձակման, պաշտպանության, անցումային փուլերի և ստանդարտ իրավիճակների կազմակերպում։ Սեփական թիմի և մրցակցի խաղի վերլուծության հիման վրա խաղային պլանի մշակում և թիմի նախապատրաստում։ Խաղի ընթացքում թիմի ղեկավարում և անհրաժեշտ տակտիկական փոփոխությունների կատարում, խաղից հետո արդյունքների ու թիմի խաղի գնահատում՝ հետագա մարզումային աշխատանքը պլանավորելու համար։
Դասընթացը բաղկացած է յոթ ուսումնական մոդուլից և ավարտական քննություններից։
Ուսումնառությունը համադրում է տեսական մասը, դաշտում իրականացվող գործնական պարապմունքները, անհատական և խմբային աշխատանքը, ինչպես նաև միկրոխմբերում միջմոդուլային գործնական աշխատանքը, որն իրականացվում է մասնակիցների սեփական մարզչական միջավայրում։
Միջմոդուլային աշխատանքի ընթացքում մասնակիցները պլանավորում և անցկացնում են մարզումներ, վերլուծում իրականացված աշխատանքը, ստանում հետադարձ կապ և սահմանում հետագա զարգացման ուղղությունները։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս դասընթացում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները շարունակաբար կիրառել, գնահատել և զարգացնել իրական մարզչական աշխատանքում։
Դասընթացի բոլոր ուսումնական բաղադրիչներին մասնակցությունը պարտադիր է։ Բացակայությունների և բաց թողած ուսումնական աշխատանքի լրացման կարգը սահմանվում է դասընթացի մասնակցության պայմաններով։
Մասնակիցների առաջընթացը գնահատվում է ամբողջ դասընթացի ընթացքում՝ տեսական և գործնական աշխատանքի, միկրոխմբերում իրականացվող միջմոդուլային աշխատանքի, անհատական և խմբային առաջադրանքների ու ներկայացումների հիման վրա։
Գնահատվում են մարզչի՝ խաղացողի և թիմի զարգացումը պլանավորելու ու ղեկավարելու, խաղային և մարզումային նպատակները փոխկապակցելու, մարզումներ պլանավորելու, անցկացնելու և գնահատելու, ինչպես նաև հիմնավորված մարզչական որոշումներ կայացնելու ու գործնականում կիրառելու կարողությունները։
Դասընթացի ավարտին անցկացվում են ավարտական քննություններ, որոնց ընթացքում գնահատվում են նաև խաղի կանոնների իմացությունը և սեփական թիմի ու մրցակցի խաղը վերլուծելու կարողությունը։ Գործնական գնահատումը ներառում է խաղի վերլուծության հիման վրա սեփական թիմի հետ մարզման անցկացում, ինչպես նաև խաղի ընթացքում թիմի ղեկավարում կամ գլխավոր մարզչին աջակցություն։
Գնահատման ամբողջական պահանջները, չափորոշիչներն ու անցկացման կարգը մասնակիցներին ներկայացվում են դասընթացի մեկնարկին։
Դասընթացը նախատեսված է փորձառու մարզիչների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները՝ խաղացողի և թիմի զարգացման, մարզումային գործընթացի և խաղի կառավարման ավելի բարձր մակարդակում աշխատելու համար։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ա կարգի դասընթացին ընդունվելու համար դիմորդը պետք է ունենա ՈՒԵՖԱ Բ կարգի վավեր արտոնագիր և այն ստանալուց հետո՝ առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ՝ որպես գլխավոր կամ օգնական մարզիչ 11-ը 11-ի դեմ ֆուտբոլում։
Դիմորդը պետք է բավարար չափով տիրապետի դասընթացի պաշտոնական լեզվին՝ բանավոր և գրավոր։
Դիմորդը պետք է կա՛մ աշխատի համապատասխան մակարդակի թիմում՝ որպես մարզիչ, և հնարավորություն ունենա այդ թիմում կատարել դասընթացի գործնական առաջադրանքները, կա՛մ հաստատի, որ դասընթացի ընթացքում համապատասխան մակարդակի թիմի հետ անհրաժեշտ գործնական աշխատանքն իրականացնելու հնարավորություն կունենա։
Դասընթացի ընդունելությունն իրականացվում է ՀՖՖ-ի կողմից սահմանված ընտրության ընթացակարգով։
Ընտրության ընթացքում գնահատվում են դիմորդի մարզչական և մասնագիտական փորձը, մասնագիտական նպատակներն ու զարգացման ձգտումը, մարզչական մոտեցումն ու փիլիսոփայությունը, ինչպես նաև իր գործնական աշխատանքը ներկայացնելու և հիմնավորելու կարողությունը։ Ընտրության շրջանակում կարող են կիրառվել տարբեր առաջադրանքներ և գնահատման ձևաչափեր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև անհատական հարցազրույց։
Ընդունելության համար պահանջվող նյութերը, ընտրության կոնկրետ չափորոշիչներն ու ընթացակարգը ներկայացվում են տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ հասանելի առցանց դիմում-հայտը և կցել պահանջվող փաստաթղթերն ու նյութերը։
→ Ներբեռնել ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ա կարգի դասընթացին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և նյութերի ցանկը (PDF)
Պահանջվող փաստաթղթերի և նյութերի վերջնական ցանկը ներկայացվում է տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ա կարգի արտոնագրի դասընթացի մասնակցության վճարը կազմում է 1,000,000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։
Վճարումը կատարվում է երկու մասով։ Վճարման ժամկետներն ու պայմանները ներկայացվում են տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ա կարգի արտոնագիրը հաստատում է մարզչի կարողությունը՝ ավելի բարձր պահանջներ ունեցող միջավայրում ղեկավարելու խաղացողի և թիմի զարգացման, մարզումային գործընթացի և խաղին նախապատրաստման աշխատանքները։
Դասընթացի պահանջները կատարած և գնահատումները հաջողությամբ անցած մասնակիցներին շնորհվում են համապատասխան կարգի դիպլոմ և մարզչական արտոնագիր։
ՈՒԵՖԱ Ա կարգի վավեր արտոնագիր ունեցող մարզիչը կարող է շարունակել կրթությունը ՈՒԵՖԱ/ՀՖՖ Պրո կարգի արտոնագրի դասընթացում, եթե ՈՒԵՖԱ Ա կարգի արտոնագիրը ստանալուց հետո ունի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ՝ որպես Մ-17 կամ ավելի բարձր տարիքային խմբի պատանեկան կամ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, Առաջին խմբում հանդես եկող թիմի գլխավոր կամ օգնական մարզիչ, կամ Բարձրագույն խմբում հանդես եկող թիմի օգնական մարզիչ, և բավարարում է ընդունելության մյուս պահանջները։
Դասընթացի ընդունելության հայտարարությունը հրապարակվում է ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում։ Հայտարարության մեջ ներկայացվում են դիմումների ընդունման ժամկետները, ընդունելության պահանջները, ընտրության ընթացակարգը, վճարման պայմանները և կազմակերպչական մյուս մանրամասները։