ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ց կարգի արտոնագրի դասընթացը մարզչական կրթության հիմնական ուղու հիմնարար մակարդակն է և նախատեսված է այն անձանց համար, որոնք ցանկանում են սկսել կամ զարգացնել իրենց մարզչական գործունեությունը։
Դասընթացը նախապատրաստում է մարզիչներին մասսայական ֆուտբոլում աշխատելու համար՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երեխաների և պատանիների զարգացմանը։
Ուսուցման հիմքում խաղացողակենտրոն մոտեցումն է, անվտանգ և դրական ֆուտբոլային միջավայրի ստեղծումը, խաղի միջոցով ուսուցումը և տեսական գիտելիքների կիրառումը գործնական մարզչական աշխատանքում։
Դասընթացի նպատակն է ձևավորել մարզչական աշխատանքի հիմնական սկզբունքների ամբողջական ընկալում և զարգացնել այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են խաղացողների տարիքին ու զարգացման մակարդակին համապատասխան մարզումներ պլանավորելու, կազմակերպելու և անցկացնելու, նրանց զարգացմանն աջակցելու և սեփական մարզչական աշխատանքը վերլուծելու համար։
Դասընթացը նաև խրախուսում է ինքնակրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը՝ որպես մարզչի հետագա առաջընթացի կարևոր բաղադրիչներ։
Դասընթացի բովանդակությունը կառուցված է չորս փոխկապակցված ուղղությունների շուրջ՝ «Մարզիչը», «Միջավայրը», «Խաղացողը» և «Խաղը»։
Մարզչի դերն ու պատասխանատվությունը, մարզումային գործընթացի պլանավորում և կազմակերպում, հաղորդակցություն և հետադարձ կապ, սեփական աշխատանքի վերլուծություն, տեխնոլոգիաների կիրառում մարզչական աշխատանքում։
Երեխայի պաշտպանությունը ֆուտբոլում, անվտանգ և դրական մարզումային միջավայրի ձևավորում, սպորտային էթիկա, արդար խաղ, առաջին բուժօգնության հիմնական սկզբունքներ։
Տարիքային առանձնահատկություններ, ֆիզիոլոգիայի հիմունքներ, տեխնիկայի ուսուցում, հիմնական շարժողական հմտություններ, ֆիթնես թեստավորման և սննդաբանության հիմնական սկզբունքներ։
Խաղի հիմնական սկզբունքների ընկալում, խաղի միջոցով ուսուցում, տարբեր խաղային իրավիճակների և փոքր կազմերով խաղերի կիրառում, խաղի կանոններ։
Դասընթացը բաղկացած է վեց ուսումնական մոդուլից և ավարտական քննություններից։
Այս մոդուլներից մեկը նվիրված է ֆուտզալին և մասնակիցներին ծանոթացնում է ֆուտզալի հիմնական առանձնահատկություններին և ձևավորում նախնական գիտելիքային հիմք՝ ֆուտզալի մարզչական ուղղությամբ հետագա մասնագիտական զարգացման համար։
Ուսումնառությունը համադրում է տեսական մասը, դաշտում իրականացվող գործնական պարապմունքները, անհատական և խմբային աշխատանքը, ինչպես նաև միջմոդուլային գործնական մարզումները, որոնց ընթացքում մասնակիցները կիրառում են դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։
Գործնական առաջադրանքները կատարվում են մասնակիցների սեփական թիմերի հետ կամ ՀՖՖ-ի կողմից տրամադրվող թիմերի ներգրավմամբ։
Դասընթացի բոլոր ուսումնական բաղադրիչներին մասնակցությունը պարտադիր է։ Բացակայությունների և բաց թողած ուսումնական աշխատանքի լրացման կարգը սահմանվում է դասընթացի մասնակցության պայմաններով։
Մասնակիցների առաջընթացը գնահատվում է ամբողջ դասընթացի ընթացքում՝ տեսական և գործնական աշխատանքի, առաջադրանքների և միջմոդուլային մարզումների միջոցով։
Դասընթացի ավարտին անցկացվում են ավարտական քննություններ, որոնց շրջանակում գնահատվում են մասնակիցների տեսական գիտելիքները, խաղի կանոնների իմացությունը, մարզման պլանավորման և իրականացման կարողությունը, ինչպես նաև ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնական մարզչական միջավայրում կիրառելու ունակությունը։
Գնահատման ամբողջական պահանջները, չափորոշիչներն ու անցկացման կարգը մասնակիցներին ներկայացվում են դասընթացի մեկնարկին։
Դասընթացը նախատեսված է 18 տարին լրացած անձանց համար, որոնք ցանկանում են սկսել կամ զարգացնել իրենց մարզչական գործունեությունը և պատրաստ են ձեռք բերել ու շարունակաբար կատարելագործել երեխաների և պատանիների հետ աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
Դիմորդը պետք է բավարար չափով տիրապետի դասընթացի պաշտոնական լեզվին՝ բանավոր և գրավոր։
Դասընթացի ընդունելությունն իրականացվում է ՀՖՖ-ի կողմից սահմանված ընթացակարգով։
Տեղերի սահմանափակ լինելու դեպքում դիմորդների ընտրությունը կարող է իրականացվել տեսական և գործնական քննությունների միջոցով։ Ընտրության պայմանները, քննությունների անցկացման կարգը և մյուս պահանջները ներկայացվում են տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ հասանելի առցանց դիմում-հայտը և կցել պահանջվող փաստաթղթերն ու նյութերը։
→ Ներբեռնել ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ց կարգի դասընթացին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (PDF)
Պահանջվող փաստաթղթերի և նյութերի վերջնական ցանկը ներկայացվում է տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ց կարգի արտոնագրի դասընթացի մասնակցության վճարը կազմում է 150,000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։
Վճարումը կատարվում է երկու մասով։ Վճարման ժամկետներն ու պայմանները ներկայացվում են տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ց կարգի արտոնագիրը մարզչական կրթության հիմնական մեկնարկային որակավորումն է և հիմք է ստեղծում հետագա մասնագիտական զարգացման համար։
Դասընթացի պահանջները կատարած և գնահատումները հաջողությամբ անցած մասնակիցներին շնորհվում են Ց կարգի դիպլոմ և մարզչական արտոնագիր։
ՈՒԵՖԱ Ց կարգի վավեր արտոնագիր ունեցող մարզիչը կարող է շարունակել կրթությունը ՈՒԵՖԱ/ՀՖՖ Բ կարգի, ինչպես նաև մասնագիտացված ուղղությունների՝ ՈՒԵՖԱ Ֆուտզալի Բ, ՈՒԵՖԱ Դարպասապահների Բ և ՈՒԵՖԱ Ֆիթնեսի Բ դասընթացներում՝ բավարարելով յուրաքանչյուր դասընթացի համար սահմանված աշխատանքային փորձի և ընդունելության մյուս պահանջները։
Դասընթացի ընդունելության հայտարարությունը հրապարակվում է ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում։ Հայտարարության մեջ ներկայացվում են դիմումների ընդունման ժամկետները, ընդունելության պահանջները, ընտրության ընթացակարգը, վճարման պայմանները և կազմակերպչական մյուս մանրամասները։