ՈՒԵՖԱ/ՀՖՖ Բ կարգի արտոնագրի դասընթացը մարզչական կրթության հիմնական ուղու երկրորդ մակարդակն է, որը զարգացնում և խորացնում է Ց կարգի դասընթացում ձևավորված գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Դասընթացը կենտրոնանում է խաղացողի և թիմի զարգացման, մարզումային գործընթացի պլանավորման ու կառավարման, խաղի առավել խոր ընկալման, ինչպես նաև մարզչի՝ վերլուծելու, որոշումներ կայացնելու և դրանք գործնական աշխատանքում կիրառելու կարողությունների զարգացման վրա։
Ուսումնառության ընթացքում կարևոր տեղ են զբաղեցնում իրական մարզչական միջավայրում աշխատանքը, տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի փոխկապակցումը, միջմոդուլային առաջադրանքները և մասնակիցների մասնագիտական փորձի վերլուծությունը։
Դասընթացի նպատակն է զարգացնել մարզչի կարողությունը՝ ինքնուրույն և համակարգված պլանավորելու, կազմակերպելու և իրականացնելու մարզումային գործընթացը՝ հաշվի առնելով խաղացողների առանձնահատկությունները, թիմի զարգացման կարիքները և խաղի պահանջները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները խորացնում են ֆուտբոլի զարգացման և ժամանակակից խաղի ընկալումը, զարգացնում սեփական թիմի և մրցակցի խաղը վերլուծելու կարողությունը և սովորում վերլուծության արդյունքներն օգտագործել մարզումների պլանավորման ու մարզչական որոշումների կայացման գործընթացում։
Դասընթացի բովանդակությունը կառուցված է չորս փոխկապակցված ուղղությունների շուրջ՝ «Մարզիչը», «Խաղացողը և միջավայրը», «Մարզումային գործընթացը» և «Խաղը»։
Մարզչի դերն ու պատասխանատվությունը խաղացողների և թիմի զարգացման գործում, առաջնորդություն, հաղորդակցություն և համագործակցություն։ Դիտարկվում են մարզչական շտաբի անդամների գործառույթներն ու փոխգործակցությունը՝ ներառյալ դարպասապահների մարզչի դերը։ Կարևորվում են սեփական աշխատանքի վերլուծությունը, ինքնակրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը։
Խաղացողների տարիքային և անհատական առանձնահատկություններ, ֆիզիոլոգիայի և սննդաբանության հիմունքների կիրառումը ֆուտբոլում, հոգեբանական պատրաստություն և սպորտային էթիկա։ Կարևորվում են խաղացողների բարեկեցությունը, փոխադարձ հարգանքը և նրանց ուսումնառությանն ու զարգացմանը նպաստող անվտանգ ու աջակցող միջավայրի ձևավորումը։
Մարզումային գործընթացի պլանավորում և պերիոդիզացիա, մարզումների բովանդակության մշակում, կազմակերպում, անցկացում և գնահատում։ Տեխնոլոգիական գործիքների կիրառում՝ մարզումների պլանավորման, դիտարկման և վերլուծության համար։
Խաղին նախապատրաստում, խաղային պլանի մշակում և խաղի ընթացքում թիմի ղեկավարում։ Սեփական թիմի և մրցակցի խաղի վերլուծություն, խաղից հետո խաղացողներին հետադարձ կապի տրամադրում և վերլուծության արդյունքների օգտագործում հետագա մարզումային աշխատանքում։ Դիտարկվում են նաև ֆուտբոլի զարգացման միտումները և խաղի կանոնները։
Դասընթացը բաղկացած է վեց ուսումնական մոդուլից և ավարտական քննություններից։
Ուսումնառությունը համադրում է տեսական մասը, դաշտում իրականացվող գործնական պարապմունքները, անհատական և խմբային աշխատանքը, ինչպես նաև միջմոդուլային գործնական մարզումները, որոնց ընթացքում մասնակիցները կիրառում են դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։
Գործնական առաջադրանքները կատարվում են մասնակիցների սեփական թիմերի հետ կամ ՀՖՖ-ի կողմից տրամադրվող թիմերի ներգրավմամբ։
Դասընթացի բոլոր ուսումնական բաղադրիչներին մասնակցությունը պարտադիր է։ Բացակայությունների և բաց թողած ուսումնական աշխատանքի լրացման կարգը սահմանվում է դասընթացի մասնակցության պայմաններով։
Մասնակիցների առաջընթացը գնահատվում է ամբողջ դասընթացի ընթացքում՝ տեսական և գործնական աշխատանքի, առաջադրանքների և միջմոդուլային մարզումների միջոցով։
Դասընթացի ավարտին անցկացվում են ավարտական քննություններ, որոնց ընթացքում գնահատվում են մասնակիցների խաղի կանոնների իմացությունը, ինչպես նաև մարզումային գործընթացը պլանավորելու և իրականացնելու, խաղացողների ու թիմի զարգացման կարիքները ճանաչելու, սեփական թիմի և մրցակցի խաղը վերլուծելու, մարզչական որոշումներ կայացնելու և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնական մարզչական միջավայրում կիրառելու կարողությունները։
Գնահատման ամբողջական պահանջները, չափորոշիչներն ու անցկացման կարգը մասնակիցներին ներկայացվում են դասընթացի մեկնարկին։
Դասընթացը նախատեսված է այն մարզիչների համար, որոնք արդեն ունեն մարզչական գործունեության սկզբնական փորձ և ցանկանում են խորացնել իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ խաղացողների և թիմերի զարգացման ուղղությամբ ավելի ինքնուրույն և համակարգված աշխատանք իրականացնելու համար։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ Բ կարգի դասընթացին ընդունվելու համար դիմորդը պետք է ունենա ՈՒԵՖԱ Ց կարգի վավեր արտոնագիր և այն ստանալուց հետո՝ մինչև Բ կարգի դասընթացի մեկնարկը, առնվազն վեց ամսվա աշխատանքային փորձ՝ որպես գլխավոր կամ օգնական մարզիչ։
Բացառություն է նախատեսված երկարամյա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար․ Բարձրագույն խմբում առնվազն յոթ ամբողջական մրցաշրջան անցկացրած ֆուտբոլիստները կարող են դիմել Բ կարգի դասընթացին՝ առանց Ց կարգի արտոնագրի և վեցամսյա մարզչական փորձի պահանջի։
Դիմորդը պետք է բավարար չափով տիրապետի դասընթացի պաշտոնական լեզվին՝ բանավոր և գրավոր։
Դասընթացի ընդունելությունն իրականացվում է ՀՖՖ-ի կողմից սահմանված ընթացակարգով։
Դիմորդների ընտրության ընթացքում հաշվի են առնվում նրանց մարզչական փորձը, մանկապատանեկան թիմերում աշխատանքը, այն տարիքային խմբերը, որոնց հետ աշխատել կամ աշխատում են, գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքային փորձը, ինչպես նաև նախորդ մարզչական դասընթացներում գրանցած առաջընթացը։
Անհրաժեշտության դեպքում ընդունելության գործընթացի շրջանակում կարող է անցկացվել նաև անհատական հարցազրույց։
Ընտրության կոնկրետ պայմաններն ու ընթացակարգը ներկայացվում են տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ հասանելի առցանց դիմում-հայտը և կցել պահանջվող փաստաթղթերն ու նյութերը։
→ Ներբեռնել ՈՒԵՖԱ/ՀՖՖ Բ կարգի դասընթացին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (PDF)
Պահանջվող փաստաթղթերի և նյութերի վերջնական ցանկը ներկայացվում է տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ Բ կարգի արտոնագրի դասընթացի մասնակցության վճարը կազմում է 500,000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։
Վճարումը կատարվում է երկու մասով։ Վճարման ժամկետներն ու պայմանները ներկայացվում են տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ Բ կարգի արտոնագիրը մարզչական կրթության երկրորդ մակարդակն է և հիմք է ստեղծում ավելի բարձր մակարդակի մարզչական գործունեության և հետագա մասնագիտական կրթության համար։
Դասընթացի պահանջները կատարած և գնահատումները հաջողությամբ անցած մասնակիցներին շնորհվում են համապատասխան կարգի դիպլոմ և մարզչական արտոնագիր։
ՈՒԵՖԱ Բ կարգի վավեր արտոնագիր ունեցող մարզիչը կարող է շարունակել կրթությունը ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ա կարգի արտոնագրի դասընթացում, եթե ՈՒԵՖԱ Բ կարգի արտոնագիրը ստանալուց հետո ունի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ՝ որպես գլխավոր կամ օգնական մարզիչ 11-ը 11-ի դեմ ֆուտբոլում, և բավարարում է ընդունելության մյուս պահանջները։
Դասընթացի ընդունելության հայտարարությունը հրապարակվում է ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում։ Հայտարարության մեջ ներկայացվում են դիմումների ընդունման ժամկետները, ընդունելության պահանջները, ընտրության ընթացակարգը, վճարման պայմանները և կազմակերպչական մյուս մանրամասները։