ՈՒԵՖԱ/ՀՖՖ Պրո կարգի արտոնագրի դասընթացը մարզչական կրթության հիմնական ուղու բարձրագույն մակարդակն է։ Այն նախատեսված է փորձառու մարզիչների համար, որոնք պատրաստվում են ստանձնել պրոֆեսիոնալ թիմի գլխավոր մարզչի գործառույթները կամ կատարելագործել այդ մակարդակում աշխատելու իրենց կարողությունները։
Դասընթացը զարգացնում է թիմի խաղային մոտեցումը ձևավորելու, մարզումային ու մրցակցային գործընթացները ղեկավարելու, մարզչական շտաբի աշխատանքը համակարգելու և բարձր մրցակցային պահանջների պայմաններում հիմնավորված որոշումներ կայացնելու կարողությունները։
Դասընթացի նպատակն է զարգացնել մարզչի կարողությունը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում ամբողջական պատասխանատվություն ստանձնելու թիմի նախապատրաստման, զարգացման և մրցակցային գործունեության համար։
Մասնակիցները խորացնում են սեփական մարզչական փիլիսոփայությունը գործնական աշխատանքում կիրառելու, խաղային մոդելի հիման վրա թիմի աշխատանքը պլանավորելու, խաղի ու մարզումների վերլուծությունից հետևություններ անելու և դրանց հիման վրա որոշումներ կայացնելու կարողությունները։ Կարևորվում են նաև առաջնորդությունը, մասնագիտական համագործակցությունը և սեփական աշխատանքի շարունակական գնահատումն ու կատարելագործումը։
Դասընթացի բովանդակությունն ընդգրկում է չորս փոխկապակցված ուղղություն՝ «Պրոֆեսիոնալ մարզիչը», «Խաղացողը և թիմը», «Մարզումային միջավայրը» և «Խաղը»։
Գլխավոր մարզչի դերն ու պատասխանատվությունը պրոֆեսիոնալ ֆուտբոլում, առաջնորդություն, մարզչական շտաբի և թիմի հետ աշխատող մյուս մասնագետների աշխատանքի համակարգում։ Մասնակցություն ակումբի ֆուտբոլային փիլիսոփայության ու տեխնիկական քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը, արդյունավետ համագործակցություն ակումբի ղեկավարության հետ։ Կարևորվում են մասնագիտական էթիկան, ճնշման պայմաններում հիմնավորված որոշումների կայացումը, սեփական գործունեության քննադատական վերլուծությունը և լրատվամիջոցների, գործակալների ու երկրպագուների հետ մասնագիտական հաղորդակցությունը։
Խաղացողների անհատական զարգացման պլանավորում և աջակցություն, նրանց ներգրավում սեփական նպատակների սահմանման ու առաջընթացի գնահատման գործընթացում, երիտասարդ խաղացողների ինտեգրում պրոֆեսիոնալ թիմին։ Թիմի ձևավորում, դերերի հստակեցում, համախմբվածության և մոտիվացիայի զարգացում։ Կարևորվում են խաղացողների ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածությունը, բարեկեցությունը և բարձր մրցակցային պահանջների պայմաններում կայուն առաջընթացը՝ մարզչական, բժշկական և մյուս մասնագետների համագործակցությամբ։
Մարզումային գործընթացի պլանավորում և պերիոդիզացիա՝ հաշվի առնելով մրցակցային օրացույցը, խաղացողների անհատական կարիքները և թիմի նպատակները։ Անհատական և թիմային մարզումների նախագծում, անցկացում ու գնահատում՝ թիմի խաղային մոդելին և ակումբի ֆուտբոլային փիլիսոփայությանը համապատասխան։ Ծանրաբեռնվածության ու վերականգնման կառավարում, ֆիզիկական և հոգեբանական նախապատրաստման համադրում ընդհանուր մարզումային գործընթացում՝ ներառյալ խիտ մրցակցային օրացույցի պայմաններում աշխատանքը։ Կարևորվում է մասնագետների համակարգված համագործակցությունը և բարձր պահանջներն ու խաղացողների զարգացմանն ուղղված աջակցությունը համադրող մարզումային միջավայրի ձևավորումը։
Թիմի նախապատրաստում և ղեկավարում պրոֆեսիոնալ մակարդակի խաղերում, խաղային պլանի մշակում՝ թիմի խաղային մոդելի, սեփական խաղացողների հնարավորությունների և մրցակցի առանձնահատկությունների հիման վրա։ Խաղի ընթացքի գնահատում, տակտիկական փոփոխությունների կատարում և ճնշման պայմաններում որոշումների կայացում։ Մարզչական շտաբի հետ համատեղ խաղի վերլուծության արդյունքների օգտագործում՝ թիմի ու առանձին խաղացողների կատարողականը գնահատելու, մարզչական որոշումները վերանայելու և հետագա մարզումային աշխատանքը պլանավորելու համար։
Դասընթացը կազմակերպվում է մոդուլային ձևաչափով և տևում է առնվազն 12 ամիս։
Ուսումնառությունը համադրում է տեսական մասը, դաշտում իրականացվող գործնական պարապմունքները, անհատական և խմբային աշխատանքը, խաղերի ու մարզումների վերլուծությունը և մասնակիցների սեփական մարզչական միջավայրում կատարվող առաջադրանքները։ Մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքները, քննարկում մարզչական որոշումները և ստանում մասնագիտական հետադարձ կապ։
Դասընթացի անբաժանելի մասն են ուսումնակրթական այցերը, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալու միջազգային ֆուտբոլային փորձին, դիտարկելու և վերլուծելու բարձր մակարդակի խաղերն ու մարզչական աշխատանքը։ Այցերի քանակը, ուղղությունները, ժամկետներն ու ծրագիրը հստակեցվում են յուրաքանչյուր դասընթացի շրջանակում՝ դրա կրթական նպատակներին և կազմակերպչական պայմաններին համապատասխան։
Դասընթացի բոլոր ուսումնական բաղադրիչներին մասնակցությունը պարտադիր է։ Բացակայությունների և բաց թողած ուսումնական աշխատանքի լրացման կարգը սահմանվում է դասընթացի մասնակցության պայմաններով։
Մասնակիցների առաջընթացը գնահատվում է ամբողջ դասընթացի ընթացքում՝ գործնական աշխատանքի, անհատական և խմբային առաջադրանքների, խաղերի ու մարզումների վերլուծությունների և պրեզենտացիաների միջոցով։
Գնահատվում են մարզչի՝ խաղային մոդելը ներկայացնելու և հիմնավորելու, թիմի մարզումային ու մրցակցային գործընթացները պլանավորելու և ղեկավարելու, վերլուծության արդյունքները գործնական որոշումների վերածելու, մասնագիտական համագործակցություն ապահովելու և սեփական աշխատանքի արդյունավետությունը գնահատելու կարողությունները։
Դասընթացի ավարտին անցկացվում են ավարտական քննություններ, որոնց ընթացքում գնահատվում են նաև խաղի կանոնների իմացությունը և սեփական թիմի ու մրցակցի խաղը վերլուծելու կարողությունը։ Գործնական գնահատման մաս են կազմում սեփական թիմի հետ խաղի վերլուծության հիման վրա մարզման անցկացումը և խաղում թիմի ղեկավարումը կամ գլխավոր մարզչին աջակցելը։
Գնահատման ամբողջական պահանջները, չափորոշիչներն ու անցկացման կարգը մասնակիցներին ներկայացվում են դասընթացի մեկնարկին։
Դասընթացը նախատեսված է փորձառու մարզիչների համար, որոնք ցանկանում են աշխատել պրոֆեսիոնալ ֆուտբոլում՝ որպես գլխավոր մարզիչ, և պատրաստ են ստանձնել թիմի ու մարզչական շտաբի ղեկավարման ամբողջական պատասխանատվությունը։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ Պրո կարգի դասընթացին ընդունվելու համար դիմորդը պետք է ունենա ՈՒԵՖԱ Ա կարգի վավեր արտոնագիր և այն ստանալուց հետո՝ առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ՝ որպես Մ-17 կամ ավելի բարձր տարիքային խմբի պատանեկան կամ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, Առաջին խմբում հանդես եկող թիմի գլխավոր կամ օգնական մարզիչ, կամ Բարձրագույն խմբում հանդես եկող թիմի օգնական մարզիչ։
Դիմորդը պետք է բավարար չափով տիրապետի դասընթացի պաշտոնական լեզվին՝ բանավոր և գրավոր։
Դիմորդը պետք է կա՛մ աշխատի համապատասխան մակարդակի թիմում՝ որպես մարզիչ, և հնարավորություն ունենա այդ թիմում կատարել դասընթացի գործնական առաջադրանքները, կա՛մ հաստատի, որ դասընթացի ընթացքում համապատասխան մակարդակի թիմի հետ անհրաժեշտ գործնական աշխատանքն իրականացնելու հնարավորություն կունենա։
Դասընթացի ընդունելությունն իրականացվում է ՀՖՖ-ի կողմից սահմանված ընտրության ընթացակարգով։
Դիմորդների ընտրության ընթացքում, մարզչական փորձից բացի, գնահատվում են նրանց՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում գլխավոր մարզչի պատասխանատվությունը ստանձնելու պատրաստվածությունը, սեփական մարզչական փիլիսոփայությունն ու խաղային մոդելը հիմնավորելու, մարզչական շտաբի աշխատանքը համակարգելու, ճնշման պայմաններում որոշումներ կայացնելու և սեփական գործունեությունը քննադատաբար վերլուծելու կարողությունները։ Հաշվի են առնվում նաև մասնագիտական նպատակները և նախորդ մարզչական դասընթացներում գրանցած առաջընթացը։
Ընտրության շրջանակում կարող են կիրառվել մասնագիտական առաջադրանքներ, գործնական աշխատանքի ներկայացում և անհատական հարցազրույց։ Ընդունելության համար պահանջվող նյութերը, ընտրության կոնկրետ չափորոշիչներն ու ընթացակարգը ներկայացվում են տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ հասանելի առցանց դիմում-հայտը և կցել պահանջվող փաստաթղթերն ու նյութերը։
Պահանջվող փաստաթղթերի և նյութերի վերջնական ցանկը ներկայացվում է տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ Պրո կարգի արտոնագրի դասընթացի մասնակցության վճարը կազմում է 5,000,000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։
Վճարումը կատարվում է երեք մասով։ Վճարման ժամկետներն ու պայմանները ներկայացվում են տվյալ դասընթացի ընդունելության հայտարարության մեջ։
Դասընթացի պահանջները կատարած և գնահատումները հաջողությամբ անցած մասնակիցներին շնորհվում են ՈՒԵՖԱ/ՀՖՖ Պրո կարգի դիպլոմ և համապատասխան մարզչական արտոնագիր։
Պրո կարգը մարզչական կրթության հիմնական ուղու բարձրագույն մակարդակն է։ Հետագա մասնագիտական զարգացումը շարունակվում է վերապատրաստումների, մասնագիտական սեմինարների, փորձի փոխանակման և ինքնակրթության միջոցով՝ պահպանելով արտոնագրի վավերականության համար սահմանված պահանջները։
Դասընթացի ընդունելության հայտարարությունը հրապարակվում է ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում։ Հայտարարության մեջ ներկայացվում են դիմումների ընդունման ժամկետները, ընդունելության պահանջները, ընտրության ընթացակարգը, վճարման պայմանները և կազմակերպչական մյուս մանրամասները։