Կայացավ Եղիշե Մելիքյանի և Ուգոչուկվու Իվուի նախախաղային ասուլիսը
Ազգերի լիգայի C2 խմբի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի նախախաղային ասուլիսը։
Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշեց՝ ինչպես առաջին խաղից առաջ, այնպես էլ հիմա մեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են, ուստի լավ արդյունքի համար պետք է խիզախորեն պայքարել։ Ըստ Մելիքյանի՝ թիմն ունի հստակ պլան և հաջորդ փուլի բարձր շանսերը պահպանելու համար պարտավոր է հաղթել։
«Տանը խաղալն այլ է, քանի որ երկրպագուների աջակցությունը մեզ առաջ է մղում: Նրանք մեզ շատ են պետք, բայց պետք է պատրաստ լինենք տրիբունաներից եկող ճնշմանը: Չպետք է մոռանալ, որ մենք Եվրոպայի ամենաերիտասարդ հավաքականներից մեկն ենք, սակայն դա չի նշանակում, թե հավակնություններ չունենք։ Հույս ունեմ՝ բախտը մեզ կժպտա, և մարզադաշտում ներկա մեր երկրպագուների աջակցությունը, թեկուզ ոչ մեծաքանակ, լրացուցիչ ուժ կհաղորդի մեզ՝ Չեռնոգորիային հաղթելու համար», - նշել է Մելիքյանը:
Ուգոչուկվու Իվուն էլ նշել է, որ հաճելի է խաղալ Պոդգորիցայում։
«Երևանում ավելի լավ արդյունք գրանցելու հնարավորություն ունեինք, բայց, ցավոք, մնացինք առանց միավորի: Այստեղ ենք եկել իրավիճակը շտկելու և հաղթելու համար», - եզրափակել է կիսապաշտպանը:
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։