Գլխավոր >> Նորություններ >> Ալեքսանդր Պետրակով. «Բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով և մոտեցմամբ»

Ալեքսանդր Պետրակով. «Բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով և մոտեցմամբ»

10.09.2023 19:46

Սեպտեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Նաիր Թիկնիզյանի նախախաղային մամուլի ասուլիսը.

(Հարցեր Նաիր Թիկնիզյանին)

-Նաի՛ր, ինչպե՞ս եք $եզ զգում Թուրքիայի հավաքականի դեմ խաղից հետո:

-Բավականին լավ եմ զգում: Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ՝ Հայաստանի ազգային հավաքականի հետ: Լավ տրամադրությամբ պատրաստվում ենք Խորվաթիայի հավաքականի դեմ վաղվա խաղին:

-Թուրքիայի դեմ խաղում երկրպագուները փորձում էին անընդհատ Ձեզ հունից հանել՝ ձեր ուղղությամբ առարկաներ նետելով: Արդյո՞ք Թուրքիայի դեմ հանդիպումը ձեր կարիերայի ամենածանր խաղերից մեկն էր:
-Բավականին սովորական հանդիպում էր: Իհարկե, լարվածության, էմոցիաների առումով առանձնահատուկ էր, բայց այն, որ երկրպագուները փորձում էին մեզ հունից հանել կամ իրենց ագրեսիվ էին պահում, ինձ համար դա առանձնակի դժվարություն չէր առաջացնում: Ես խաղում էի այնպես, ինչպես մեշտ եմ խաղում:

-Բոլորս էլ կարող ենք գնահատական տալ ֆուտբոլիստներին խաղից հետո:
Հետաքրքիր է՝ ի
՞նչ գնահատական կտաք ինքներդ Ձեզ այս խաղից հետո:
-Ես երբեք ինքս ինձ չեմ գնահատում և կարծում եմ, որ այդ հարցը միշտ ավելի լավ է տալ  մարզչական շտաբին:  

-Նաի՛ր, շատ ուրախ ենք, որ բարձր տրամադրություն ունեք, որովհետև Թուրքիայում տպավորություն էր, որ տրամադրությունն այդքան էլ բարձր չէ: Վաղը խաղալու ենք խմբի ֆավորիտի հետ: Դա չի թաքցնում նաև մեր մարզչական շտաբը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղվա խաղից, և ինչպե՞ս է թիմը պատրաստվում վաղվա հանդիպմանը:
-Կարծում եմ՝ Խորվաթիան, ընդհանուր առմամբ, ֆավորիտներից է ամբողջ եվրոպական ֆուտբոլում և մտնում է լավագույն եռյակի մեջ: Ինչպես արդեն ասացի, շատ լավ տրամադրություն ունենք և շատ ուրախ եմ, որ վաղը կարող է ինձ հնարավորություն ընձեռվել խաղալ այնպիսի բարձրակարգ հավաքականի դեմ, ինչպիսին Խորվաթիան է և ցույց տալ մեր որակները:

-Խորվաթիայի հավաքականի մարզչի և ֆուտբոլիստի ասուլիսից պարզ դարձավ, որ իրենք բավական լուրջ են տրամադրվում Հայաստանի դեմ խաղին և չեն թերագնահատում մեր հավաքականին: Բարդ մրցակցություն է սպասվում: Մեր թիմն ի՞նչ խաղ է ակնկալում Խորվաթիայի հավաքականի դեմ:
-Մենք էլ ենք կարծում, որ բավականին բարդ հանդիպում է սպասվում: Կարծում եմ՝ իմ կարիերայի ամենաբարդ խաղերից մեկը կարող է լինել: Այնպիսի հավաքականի դեմ, ինչպիսին Խորվաթիան է, չի կարող հեշտ լինել, հատկապես, որ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները, կարելի է ասել, տիեզերական մակարդակի են:

- Ուզում եմ, որ պատմեք Թուրքիայի հետ խաղից հետո ունեցած Ձեր և ձեր թիմակիցների հույզերի մասին: Ինչպե՞ս եք կարողանալու այդ նվիրվածությունը, էմոցիաները օգտագործել Խորվաթիայի դեմ խաղում: Արդյո՞ք Թուրքիայի դեմ խաղում չեք տվել ձեր բոլոր ուժերը և կարողանալո՞ւ ենք վաղն էլ տեսնել նման հանդիպում:  
-Ինձ ուրախացրեց հանդերձարանում այն հանգամանքը, որ գրեթե բոլոր ֆուտբոլիստները ուրախ չէին, այլ տխուր էին, որովհետև հաղթում էինք խաղի ընթացքում, բայց չկարողացանք պահպանել հաղթական հաշիվը: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա մենք միշտ էլ փորձում ենք տրամադրվել և նվիրվել 100 տոկոսով և տալ մեր բոլոր ուժերը: Բայց մի՛ անհանգստացեք, Խորվաթիայի հավաքականի դեմ  խաղի համար դեռ ուժեր մնացել են:

-Դուք և Արտակ Դաշյանը տարբեր եզրերում եք խաղում, բայց, կարծես, լավ եք հասկանում իրար: Թուրքիայի դեմ խաղում Դաշյանը գոլ խփեց ձեր կատարած փոխանցումից հետո, իսկ Լատվիայի դեմ խաղում Դուք խփեցիք Դաշյանի կատարած փոխանցումից հետո: Ի՞նչ կարծիքի եք ձեր համագործակցության մասին:
-Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի համագործակցություն կա: Մենք այդքան էլ երկար ժամանակ չէ, որ մարզվում ենք միմյանց հետ, բայց ուրախ եմ, որ այնպես է ստացվում, որ իրար լավ ենք հասկանում: Դրանում նաև մեծ ներդրում ունի մեր մարզչական շտաբը: Կարծում եմ՝ օր-օրի այդ համագործակցությունն ավելի կբարելավվի: Ինչպես արդեն ասացի, շատ շնորհակալ եմ հայ ժողովրդին, ինչպես նաև հավաքականին, ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին այսպիսի լավ ընդունելության համար, որ ինձ այսպես ընդունել են թիմի կազմ:

-Մենք գիտենք որ ցանկացած ֆուտբոլիստի համար շատ կարևոր է քայլ առաջ կատարելը: Հասկանալով վերջին իրադարձությունները՝ մենք շարունակում ենք հետևել Ձեր ելույթներին, կապ չունի՝ որ երկրում եք հանդես գալիս և վստահ ենք, որ կգա ժամանակ, երբ ավելի բարձր առաջնություն կտեղափոխվեք: Վաղը Ձեզ և հավաքականին հաղթանակ եմ մաղթում:
-Շնորհակալ եմ: Ես դա զգում և գնահատում եմ:

(Հարցեր Ալեքսանդր Պետրակովին)

-Արդյո՞ք թիմը հասցրել է վերականգնել, և ինչի՞ շնորհիվ մեր հավաքականը կարող է հաղթել Խորվաթիայի հավաքականին:
-Մենք աշխատում ենք վերականգնման վրա, մեր բոլոր բժիշկները, մերսողները, նույնիսկ մարզումները ուղղված են դրան: Մենք ստանում ենք նաև GPS համակարգի տվյալներ, որոնք վերծանելով, հասկանում ենք ֆուտբոլիստների մարզավիճակը: Իսկ ինչը վերաբերում է երկրորդ հարցին՝ հաղթանակի գրավականը կարող է լինել այն, որ խաղում ենք տանը՝ երկրպագուների աջակցության ներքո, ինչպես նաև մեր նվիրվածությունը խաղին, և պակաս կարևոր չի լինի նաև բախտի գործոնը:

-Խաղից առաջ պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը չի կարող մասնակցել խաղերին: Գիտե՞իք արդյոք, որ նա վնասվածք ուներ և ինչու՞ նա չփոխարինվեց մեկ այլ ֆուտբլիստով:
-Ո՛չ, չգիտեինք այդ մասին: Ես «Սլովանի» խաղի վերջում նկատեցի, թե ինչպես նա ոտքը բռնեց և ընկավ: Հավաքական ժամանելուց հետո մեր բժիշկները ստուգեցին և հասկացանք, որ ի վիճակի չի լինի խաղալ: Որևէ մեկին չկանչեցի, քանի որ հարձակողական գծում ունեինք 7 ֆուտբոլիստ, ըստ այդմ էլ կարիք չզգացի կանչելու:

-Ձեր կարծիքը Ժիրայր Շաղոյանի մասին, ով այս անգամ չի հրավիրվել ազգային հավաքական: Երբ դուք նոր էիք եկել, ասացի,ք որ նա և Սերոբյանը հայկական ֆուտբոլի ապագան են: Հիմա ի՞նչն է փոխվել և ի՞նչ հույսեր եք կապում նրա հետ
-Պատճառն այն է, որ նա ակումբում խաղում է, սակայն գոլեր չի խփում: Հիմա հավաքականի հարձակման գծում շատ մեծ մրցակցություն կա: Անցել են այն ժամանակները, երբ ֆուտբոլիստները հրավիրվում էին անկախ նրանից խաղում են, թե ոչ կամ ինչ մարզավիճակում են գտնվում, բայց մենք ինչպես նրա, այնպես էլ մյուս ֆուտբոլիստների խաղին շարունակում ենք հետևել: Թող առաջընթաց գրանցի, քանզի հավաքականի դռները միշտ բաց են նրա առաջ:  

-Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի Պրեմիեր լիգայի մասին: Արդյո՞ք ինչ-որ առաջընթաց նկատում եք: Հնարավո՞ր է արդյոք, որ նոր խաղացողներ հրավիրվեն Հայաստանի հավաքական:
-Կարծում եմ` առաջընթաց կա, մասնավորապես այն, որ նոր ներդնողներ են հայտնվում, օրինակ «Նոայի» պես ակումբում: Կա նաև ԲԿՄԱ-ն, որը ևս մեծ առաջընթաց է գրանցել: Ես շատ զարմացած եմ, որ Երևանն այսքան գեղեցիկ քաղաք է, սակայն ես մտածում էի, որ ինչ-որ բան հերիք չէ: Ես ՀՖՖ նախագահին էլ ասացի այդ մասին: Խոսքը 5 աստղանի մարզադաշտի մասին է, քանի որ հազարավոր մարդիկ ցանկանում են գալ և ֆուտբոլ դիտել, բայց այդպիսի մարզադաշտ դեռ չկա: Շատ կարևոր է, որ հայ ներդնողները այդպիսի ներդրումներ իրականացնեն մանկապատանեկան ֆուտբոլում: Ինչ վերաբերում է նոր ֆուտբոլիստներին՝ դեռ չեմ դիտել մինչև 21 տարեկանների հավաքականի հանդիպումը: Նայելուց հետո եզրակացություններ կանեմ, բայց նշեմ, որ Հայաստանի Պրեմիեր Լիգայում դեռ չկան արժանի ֆուտբոլիստներ, որոնց դեռ չեմ հրավիրել: Ինչ վերաբերում է երիտասարդներին՝ ես միշտ խրախուսում եմ նրանց չվախենալ և ուժերը փորձել արտասահմանյան ակումբներում՝ չլճանալով այստեղ:

-Արդյո՞ք պատրաստ է Վահան Բիչախչյանը վաղվա խաղին: Հարոյանը չի մասնակցելու վաղվա հանդիպմանը: Ինչպե՞ս է նրա բացակայությունը ազդելու Ձեր մարտավարության վրա: Եվ վաղվա խաղի վերաբերյալ արդյո՞ք Ձեր մտքում փոփոխություններ տեղի ունեցել են:
-Իմ պլանները չեն փոխվել: Հարոյանը մեր թիմի ավագն է և շատ կարևոր անձնավորություն մեր թիմում: Նա երեկ մարզվել է թիմի հետ, ինչպես նաև ընթրել ու գնացել տուն, այսօր ևս մարզվելու է, իսկ ինչ վերաբերում է Վահանին՝ այո նա ձեռքի հետ կապված խնդիր ունի, այսօր կմարզվի, եթե ամեն բան լավ ընթանա՝ հատուկ ֆիքսող սարքի շնորհիվ դուրս կգա խաղադաշտ:

-Խնդրում եմ գնահատել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի և Սարգիս Ադամյանի խաղը: Նրանք երկուսն էլ դուրս եկան Թուրքիայի դեմ խաղին, սակայն կարելի է ասել այդքան էլ չտպավորեցին: Արդյո՞ք երկրպագուների պահանջն է նրանց հանդեպ ավելի մեծ, թե՞ նրանք այդքան էլ չեն բավարարում:
-Բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով, ինչպես նաև նրանց աշխատանքի մոտեցմամբ:

-Վարազդատ Հարոյանի բացակայության պայմաններում ո՞վ է լինելու Հայաստանի հավաքականի ավագը:
-Վաղը կտեսնեք: Նախկինում այլ օրենք էր, ավագը լինում էր այն ֆուտբոլիստը, ով ամենաշատ խաղն էր անցկացնում Հայաստանի հավաքականի կազմում: Ես առաջարկեցի փոխել դա, նրանք համաձայնեցին: Վաղը կտեսնեք:

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև.

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ