Գլխավոր >> Նորություններ >> Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն հեռանում է Հայաստանի ազգային հավաքականից

Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն հեռանում է Հայաստանի ազգային հավաքականից

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն այլևս չի աշխատի Հայաստանի ազգային ընտրանու հետ։


 Այս տարիներին նա ընդգրկված է եղել Արմեն Գյուլբուդաղյանցի, Խոակին Կապառոսի, Ալեքսանդր Պետրակովի, Ջոն վան ’տ Սխիպի և Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբերում։


7 տարի ազգային հավաքականում աշխատելուց հետո Մինյանոն հրավեր է ստացել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Նա այսուհետև զբաղեցնելու է  երիտասարդ տաղանդների զարգացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Նաև համակարգելու է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ծրագրերն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: 


«7 անմոռանալի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ աշխատելուց հետո եկել է ժամանակը փակելու կյանքիս այս յուրահատուկ էջը։


Խորին երախտագիտություն եմ հայտնում հայ ժողովրդին, խաղացողներին, մարզչական շտաբին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին, որոնք հնարավոր դարձրին այս ճանապարհը։ Ձեր վստահությունը, պրոֆեսիոնալիզմը և բարությունն օգնեցին, որ Հայաստանը դառնա իմ տունը։


Այս տարիները լի էին ուսուցմամբ, մարտահրավերներով և բացառիկ մարդկային հարաբերություններով, որոնք ես միշտ կպահեմ ինձ հետ։ Հայաստանը միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ սրտում։ Շնորհակալություն, Հայաստա՛ն»,– հրաժեշտի խոսքում նշել է Մինյանոն։


ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոյին կատարած աշխատանքի համար։


«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոյին՝ Հայաստանի ազգային հավաքականում կատարած աշխատանքի համար։


Պարոն Մինյանոն իր բարձր պրոֆեսիոնալիզմով, բազմամյա միջազգային փորձով և ժամանակակից մոտեցումներով մեծ ներդրում ունեցավ մեր ընտրանու ֆիզիկական պատրաստության զարգացման գործում։ Այս տարիներին նրա աշխատանքն առանձնացավ բարձր պատասխանատվությամբ և ֆուտբոլիստների հնարավորությունների առավելագույն բացահայտմանն ուղղված մշտական ձգտմամբ։


Իր մարդկային բարձր արժեքների, համագործակցության պատրաստակամության և դրական վերաբերմունքի շնորհիվ պարոն Մինյանոն արժանացավ հավաքականի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և ֆեդերացիայի աշխատակիցների հարգանքին։ Շնորհակալ եմ նրան նվիրված աշխատանքի, պրոֆեսիոնալ մոտեցման և հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ներդրման համար։


Մաղթում եմ պարոն Մինյանոյին հաջողություններ հետագա գործունեությունում, նոր մասնագիտական ձեռքբերումներ և ամենայն բարիք», - ասել է Արմեն Մելիքբեկյանը։


Մինյանոն Իսպանիայի ազգային հավաքականի հետ դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, իսկ Մադրիդի «Ռեալի» հետ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ