Գլխավոր >> Նորություններ >> «Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը

«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը

ՀՖՖ 30.07.2026 22:20

ՈՒԵՖԱ-ն և իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին, մինչև ՖԻՖԱ-ն չվերանայի իր որոշումը։ Այս մասին այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել ՈՒԵՖԱ-ն։

 

Ըստ հայտարարության՝ ՈՒԵՖԱ-ն և իր բոլոր 55 անդամ ասոցիացիաները միասնական են և միաձայն մերժում են Աշխարհի առաջնության ու ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին փոխանցելու ՖԻՖԱ-ի առաջարկը: «Քանի դեռ այս առաջարկն ամբողջությամբ չի չեղարկվել, եվրոպական ոչ մի հավաքական չի մասնակցի ՖԻՖԱ-ի որևէ մրցաշարի», - նշվում է հայտարարությունում։

 

ՈՒԵՖԱ-ի տարածած հայտարարության մեջ առանձնացվում են հետևյալ հիմնարար կետերը.

 

  • Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ։ Այն ֆուտբոլային մեծագույն ժառանգություն է, որը տասնամյակների ընթացքում ստեղծել են ֆուտբոլիստները, հավաքականները և երկրպագուները։ Այն չի կարող դիտարկվել որպես կոմերցիոն կամ ներդրումային արտադրանք։
  •  
  • ՖԻՖԱ-ն այս նախագիծը մշակել է գաղտնի՝ առանց ֆուտբոլային հանրության, լիգաների և ասոցիացիաների հետ բովանդակային քննարկման։ ՈՒԵՖԱ-ն սա որակում է որպես բացահայտ ճնշում, հարկադրանք և առաջնորդության ձախողում։
  •  
  • Մասնավոր ներդրողների հայտնվելով ֆուտբոլը կփոխվի ընդմիշտ։ Բոլոր հիմնական որոշումները՝ խաղացանկերից մինչև մրցաշարերի ձևաչափեր, այլևս կայացվելու են ոչ թե հանուն սպորտի զարգացման, այլ բաժնետերերի ֆինանսական շահույթը առավելագույնի հասցնելու համար։

 

«ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները վճռական են պաշտպանելու համաշխարհային ֆուտբոլի շահը և թույլ չեն տալու վտանգել սպորտի ապագան հանուն ֆինանսական օգուտի: Աշխարհի առաջնությունը պատկանում է ֆուտբոլին, և Եվրոպան թույլ չի տա վաճառել այն», - ասված է հայտարարության վերջում։

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ